Արցախի պետական համալսարան

1. Harut mnacakanyan

Հարութ Մնացականյան.«Ապրիլի 2-ի գիշերը ես արթնացա հրետանային համազարկի ձայներից: Դուրս եկա պատշգամբ: Երկինքն արդեն կարմրել էր: Առաջին իսկ պահից ես հասկացա, որ դա սովորական դիվերսիա չէր կարող լինել, որովհետև այդ կարգի հրետանային համազարկ մինչև հիմա չէր եղել: Շտապեցի Ազատամարտիկների միություն և ընդամենը կես ժամ անց զանգեր էի ստանում մեր երիտասարդներից…»:

2.Harut Harutyunyan

Հարութ Հարությունյան.«Քանի որ հարևանը պարբերաբար դիմում է սադրիչ գործողությունների, գիտեինք, որ պատերազմի հավանականությունը մեծ է: Ես և իմ ընկերները պարբերաբար լինում ենք սահմանին: Մենք կամավորների խումբ ունենք, ովքեր կամավոր մարտական հերթապահություն են իրականացնում»:

3.Mkhitar Voskanyan

Մխիթար Ոսկանյան.«Հերոս է այն մարդը, ով ապրում է իր երկրում, շենացնում այն: Նույնիսկ հովիվն էլ Արցախում  հերոսական աշխատանք է կատարում՝ ապրելով աշխարհաքաղաքական նման դրության մեջ, ունենալով սադրիչ հարևան և կարողանալով պահպանել իր ինքնությունը: Սա արդեն մեծ հերոսություն է: Իսկ մարտական գործողությունների ընթացքում հերոսացումը փառք ու պատիվ է»:

4.Kamo Davtyan

Կամո Դավթյան.«Եղել է այնպիսի իրավիճակ, որ հրամանատարը զոհվել է: Երբ ուզում էինք փոխել մեր դիրքը, ռումբն ընկավ հենց մեր ոտքերի առաջ: Հրամանատարը զոհվեց: Իսկ ընկերներս ինձ փրկելով վիրավորվեցին»: 

5.Benik hambardzumyan

Բենիկ Համբարձումյան.«Առավոտյան ժամը 5:30 էր, երբ տագնապ հայտարարեցին: Հասկացանք, որ ինչ-որ բան այն չէ, բայց մարտական գործողություններ չէի պատկերացնում: Թվում էր` հերթական դիվերսիաներից պիտի լիներ: Սակայն քանի մոտենում էինք սահմանին, համոզվում էինք, որ պատերազմ է: Եվ այդ պահին միակ բանը, որ մտածում ես, արյան գնով ժառանգած սրբությունները պատվով պաշտպանելն է»:

6.Artur Magerko

Արթուր Մագերկո.«Այն տղաները, ովքեր ոչ մի առիթ բաց չէին թողնում հանգստանալ ծառայությունից, սթափվեցին: Բոլորը ձգտում էին առաջինը հասնել առաջնագիծ:  Ճիշտ է, մեր կողքին կանգնած էին մեր ավագ ընկերները, սակայն փորձությունը մերն էր: Ինձ հետ նույն շարքում կանգնող տղաները հերոսություններ գործեցին, նույնիսկ՝ հերոսացան»:

7. Savel Ishkhanyan

Սամվել Իշխանյան.«Այդ օրերին առավել քան ընդգծված էր սերունդների կապը: Սահմանին փաստացի կանգնած էր պապը, որդին և թոռը: Սա բացառիկ երևույթ է: Աշխարհի և ոչ մի երկրում  երևի չհանդիպենք նման երևույթի:Մենք գնում էինք մեր ծնողների համար, ծնողները՝ երեխաների համար: Րոպե իսկ չեմ փոշմանել սահմանին լինելու համար: Եվ եթե, Աստված մի արասցե, հակառակորդը ոտնձգություն անի, ես էլի առաջիններից մեկը կլինեմ սահմանին՝ մեր զինվորի կողքին»:

8.Artur xachatryan

Արթուր Խաչատրյան.«Դժբախտաբար, ինձ չհաջողվեց իրագործել տանկ ոչնչացնելու իմ երազանքը: Սակայն, Աստված չանի առիթ լինի, առաջին իսկ հնարավորության դեպքում ես կիրագործեմ այն: Զինվորներն ավելի էին ոգևորվում, երբ զգում էին, որ հասարակությունն իր թիկունքում է և որ իրենք մենակ չեն իրականացնում այդ կարևոր առաքելությունը: Ծանրոցում, սննդամթերքից և առաջին անհրաժեշտության պարագաներից բացի, կային նաև նամակներ:  Նույնիսկ բառերն եմ հիշում. «Այն հողը, որի վրա արյուն է թափվել, հող չէ, այլ՝ հայրենիք»: Մինչև հիմա զինվորական գրքույկիս մեջ պահում եմ այդ գրությունը»: 

9. Marat Stepanyan

Մարատ Ստեփանյան.«Քառօրյա պատերազմի մասնակիցներս արժանացանք գերատեսչական մեդալների:  Քեզ լավ ես զգում, որ կատարածդ ամենաբարձր մակարդակով գնահատվում է: Սակայն ես պարգևի համար չեմ գնացել: Ես գնացել եմ հայրենիքիս և ժողովրդիս նկատմամբ պարտքս կատարելու: Բայցևայնպես, ոգևորիչ է գնահատված լինելը»:

10.Harut Abrahamyan

Հարութ Աբրահամյան.«Պատերազմում ամենաբարդ իրականությունը կորստյան իրականությունն է, երբ քեզ ծանոթ, բարեկամ և մտերիմ մարդկանց ես կորցնում: Մարդիկ, որոնց հետ քնել ես և արթնացել, կատակներ արել, խոսել երազանքներիդ մասին… Իսկ այսօր նրանք այլևս… նրանք այլևս իրենց երազանքների իրականացումը մեզ են վերապահել…»: