Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 11-ին ԱրՊՀ ֆրանսերենի կենտրոնը նախաձեռնել էր «Ողջու՜յն, Ֆրանսիա» խորագրով դաս-միջոցառում:
Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրել են Ֆրանսիայի պատմությունը, մշակույթը, ճարտարապետությունն ու նկարչությունը, գրականությունն ու երաժշտությունը, և, իհարկե, նորաձևությունն ու խոհանոցը, որն ուղեկցվում էր հետաքրքիր տեսանյութերով և երաժշտական համարներով: Մասնակիցներն իրենց ելույթներում հետաքրքիր փաստեր են հաղորդել Ֆրանսիայի մասին:
Կազմակերպիչներին և մասնակիցներին հաջողվել էր ոչ միայն փոխանցել Ֆրանսիայի շունչն ու հմայքը, այլև՝ ստեղծել այդ երկրին հատուկ կոլորիտ. Ֆրանսիայի դրոշի գույներին համապատասխան դեկորացիաներ և հագուստ, ֆրանսիական կանապեների և կրուասանների հյուրասիրություն:
«Դասընթացի շրջանակներում կազմակերպված միջոցառումը նպատակ ուներ ոչ միայն ամփոփելու ֆրանսերենից ստացած գիտելիքները, այլև առավել խորը ծանոթանալու աշխարհի ամենաառեղծվածային երկրի պատմությանն ու մշակույթին»,- նշել է միջոցառման կազմակերպիչ, ֆրանսերեն և գերմաներեն լեզուների ամբիոնի դոցենտ Ալիսա Մարգարյանը: