Արցախի պետական համալսարան

 

IMG 0788   IMG 0848

IMG 0826   IMG 0878

Ապրիլի 11-ից 12-ը ԱրՊՀ տնտեսագիտության բաժնի մի խումբ ուսանողներ Ստեփանակերտի Վ. Ջահանգիրյանի անվան հ. 11 ավագ դպրոցում հանդես են եկել դասախոսություններով:

Նախորդ տարի ԱրՊՀ գիտխորհրդի կողմից հաստատվել է «ԱրՊՀ-ի և ԱՀ դպրոցների համագործակցության ծրագիր», որը ենթադրում է բուհերի և հանրակրթական դպրոցների միջև համագործակցության ամենատարբեր ուղղություններ: Ծրագրի շրջանակում Ստեփանակերտի Վ. Ջահանգիրյանի անվան հ. 11 ավագ դպրոցի տնօրեն Աիդա Գրիգորյանի առաջարկով տնտեսագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ հանդես են եկել թեմատիկ դասախոսություններով:

ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Նարինե Ավանեսյանի խոսքով, ընտրվել են հիմնականում մագիստրանտներր՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական պատրաստվածությունն ու լսարանին տիրապետելու հմտությունները:

«Դպրոցի տնօրինության հետ համատեղ ընտրվել են այնպիսի թեմաներ, որոնց անդրադառնում են հասարակագիտություն առարկայի շրջանակներում: Մյուս կողմից՝ փորձել ենք ընտրել այնպիսի թեմաներ, որոնք սոսկ դասախոսություն լինելուց բացի, նաև կիրառական նշանակություն ունեն»,- նշել է Ն. Ավանեսյանը:

Վ. Ջահանգիրյանի անվան հ. 11 ավագ դպրոցի տնօրենի` մասնագիտացված կրթական աջակցության գծով  տեղակալ Արև Միրզաջանյանն ընդհանուր առմամբ գոհ է համագործակցությունից: Նրա խոսքով, դպրոցի տնօրինությունը նպատակահարմար է գտել հրավիրել ԱրՊՀ մագիստրանտների և հասարակագիտություն առարկայի ուսուցումը կազմակերպել այլընտրանքային  ձևով:

«Մենք մշտապես ձգտում ենք հանդես գալ նորարարական մոտեցումներով և, իբրև ավագ դպրոց, նաև գործի ենք դնում բոլոր հնարավոր միջոցները` դասապրոցեսն առավել արդյունավետ և հետաքրքիր կազմակերպելու համար: Կարծում ենք, որ այս ձևաչափը բավականին արդյունավետ է և հուսով ենք` այն շարունակական կլինի»,- հավելել է պատասխանատուն:

Ուսանողները ևս ոգևորված են նման միջոցառումներով: Նրանք գտնում են, որ այդպիսիք ոչ միայն մասնագիտական աճ են ապահովում, այլև` հասարակության առջև հանդես գալու փորձ:

«Նման միջոցառումների պարբերականությունը հնարավորություն կտա մեզ` բուհում ստացած գիտելիքներն ու հմտությունները փոխանցելու աշակերտներին՝ այդպիսով նաև ապագա ուսանողներին ցույց տալով, թե ինչ կարող է նրանց տալ բարձրագույն կրթությունը»,- ասել է մագիստրանտ Մարիաննա Խաչատրյանը:

Ուսանողներից Անուշ Ոսկանյանն ու Լիլիթ Դադայանը այս ձևաչափը համարում են ինքնադրսևորման լավագույն հնարավորություններից և շարունակականություն ակնկալում. «Չնայած մենք ընտրել ենք տնտեսագետի մասնագիտությունը, բայց մեզ դուր է գալիս նաև մանկավարժությունը: Սա այն դեպքերից է, երբ համատեղվում են հաճելին և օգտակարը»: