Արցախի պետական համալսարան

IMG 1026   IMG 0893

IMG 0891  IMG 1002

Ապրիլի 12-ին գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ Զինաիդա Բալայանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը նվիրված էր պոեզիայի համաշխարհային օրվան:

Միջոցառմանը հրավիրված էին համալսարանի ղեկավարությունը, Արցախի գրական ընտանիքի անդամներ, դասախոսներ, ուսանողներ:

Բանաստեղծուհի Զ. Բալայանը բացման խոսքում նկատում է՝ «Պոեզիան պոետի իմացական կյանքի վկայականն է, գեղարվեստի անքննելին, ազատության մեկնարանը, ոգեղենին և նիրվանային մերձեցող ճանապարհը, որն ամրապնդվել է երկրային և երկնային ծուփ ջրերում, մրրկահույս հոսքերում»:

Միջոցառման գիտական մասում բանասիրական ֆակուլտետի տարբեր ամբիոնների դասախոսներ և ուսանողներ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով անդրադարձել են հայ, ռուս և եվրոպական պոետների ստեղծագործություններին՝ դրանք դիտարկելով ամենատարբեր դիտանկյուններից:

Գրականության և լրագրության ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ. Զարինե Սառաջյանը «Ապրիլյան պատերազմը Արցախի գրողների ստեղծագործություններում» թեմայով ելույթում նկատում էԱրցախի գրողը, փառաբանելով հայ զինվորի սխրանքն ու հաղթանակը, միաժամանակ ոչ է ասում պատերազմին ու հաստատում  հայի խաղաղասեր կամքը։ Բայց հայրենիքը պաշտպանելու համար նա նաև հաղթական ռազմակոչ է հնչեցնում և «եթե պատերազմ, ապա հաղթանակ ու ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսով շարունակում արարել ու պայքարել»:

Միջոցառման երկրորդ մասում ուսանողները հանդես են եկել ասմունքով և բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երաժշտական կատարումներով:

Գրականության և լրագրության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Շուշան Ասկարյանը կարևորել է նման միջոցառումների դերը և նշել. «Միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին հաջողվել է բացահայտել պոեզիայի ողջ հմայքն ու գեղեցկությունը, արժևորել պոեզիայի ձեռքբերումները, գրապատմական ընթացքի առանձնահատկությունները, թեմատիկ-գաղափարական, ոճական և ժանրային որակումները»:

«Պրագմատիկ այս իրականության մեջ, հուրախություն մեզ, մարդկությունը դեռևս չի կորցրել սերն ու հետաքրքրությունը գեղեցիկի նկատմամբ: Հաճելի է մասնակիցը լինել նման միջոցառման, որն ընդգրկում է մասնագետների` տարբեր ամբիոններից: Սա գեղեցիկ մտահղացում է, և հուսով ենք՝ շարունակական»,- ասել է ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Նունե Առաքելյանը: