Մանկավարժության և հոգեբանության ամբիոնը վերջին շրջանում լուրջ ուշադրություն է դարձնում ներառական կրթությանն ու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հիմնախնդիրներին, որի առհավատչյան ապրիլի 13-ին կազմակերպված գիտամանկավարժական կոնֆերանսն էր:
Ամբողջ աշխարհում ներառումը ապրելակերպ է՝ մարդկանց համատեղ ապրելու, աշխատելու և սովորելու կենսակերպ: Յուրաքանչյուր երեխա պետք է հարմարավետ և կարևորված զգա հանրակրթության պայմաններում, և պետությունը պետք է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերի յուրաքանչյուր երեխայի նկատմամբ՝ այդպիսով ապահովագրելով երկրի ապագան և երաշխավորելով առողջ հասարակության գաղափարը:
Միջոցառման նախաձեռնողներից մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ. Արմինե Բաղդասարյանը նշում է, որ գաղափարը ծնվել է փորձուսուցման ընթացքում, երբ ուսանողները մանկապարտեզներում և դպրոցներում բախվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ կապված խնդիրների. «Փորձուսուցման ընթացքում ի հայտ եկած խնդիրները փորձել ենք համակարգել և իրականացնել սեփական ուսումնասիրություններ, որոնց արդյունքները նպատակահարմար ենք գտել ամփոփել կոնֆերանսի ձևով»:
Միջոցառման ընթացքում ավագ կուրսերի ուսանողների ելույթներն ամբողջացրել են ներառական կրթության գաղափարախոսությունը, բովանդակությունն ու իրավական հիմքերը, տեսական և գործնական խորհուրդներ տվել փոքրիկին ճանաչելու և նրա վարքագիծը շտկելու ուղղությամբ:
«Մեր նպատակն է մարդկանց մեջ արմատավորել այն միտքը, որ պետք չէ խտրականություն դնել առողջ և խնդիրներ ունեցող երեխաների միջև, քանի որ հաճախ նրանք կարող են ավելին, քան մեզ թվում է»,- նշել է ուսանողուհի Մարսետա Խաչատրյանը:
«Ներառական կրթության թեման չափազանց արդիական է և հրատապ: Այսօր մեր կողքին ապրում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոնք ունեն ուշադրության և հետևողական խնամքի կարիք: Ինչպես մենք, այնպես նրանք, ունեն կրթություն ստանալու իրավունք»,- ընդգծում է Մարիամ Աղաբաբյանը: