Ձեռք բերած տեսական գիտելիքներն ավելի ամրապնդելու և ուսանողների հաճելի ու ակտիվ ժամանցն ապահովելու նպատակով աշխարհագրության ամբիոնը կազմակերպեց արշավ՝ «Ստեփանակերտ-Տիգրանակերտ-«Ճգնավորի կացարան» քարանձավ-Մարտակերտ-Խաչենի ջրամբար-Ստեփանակերտ երթուղով:
Ապրիլի 15-ին աշխարհագրության բաժնի բոլոր կուրսերի ուսանողներից և ամբիոնի 4 դասախոսներից բաղկացած խումբը ճանապարհվեց ԱրՊՀ-ից: Առաջին կանգառը Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցի մոտ էր: Դասախոսների և գիդ-էքսկուրսավարի շնորհիվ ուսանողները տեղեկացվեցին պեղումների ընթացքի, նշանակության մասին, թանգարանում ծանոթացան հայտնաբերված նմուշներին:
Հետաքրքիր էր արգելոցի տարածքում գտնվող ոկլյուզային աղբյուրը՝ «Մեծ աղբյուրը»: Էքսկուրսիայի ղեկավար Յու. Ա. Առաքելյանը բացատրեց աղբյուրի առաջացման մեխանիզմը, նշեց, որ «ոկլյուզա» տերմինը ծագում է ֆրանսիական Ոկլյուզ բնակավայրի անունից, ուր կա նմանատիպ աղբյուր, որին յուրահատուկ է ծախսի մեծ փոփոխականությունը:
Այնուհետև խումբը ճանապարհվեց դեպի Խաչեն գետի աջափնյա հատվածում գտնվող «Ճգնավորի կացարան» քարանձավը: Բարձունքի խորդուբորդ ուղին հաղթահարվեց՝ շնորհիվ առավել հմուտ ընկերների հոգատարության: Ռելիեֆի յուրատիպ նանոձևերից ստացած տպավորություններն ու աննկարագրելի զգացողությունը երկար կմնան ուսանողների հիշողության մեջ. այս էին վկայում նրանց հիացական հայացքները:
Դիտարժան հաջորդ օբյեկտները Մարտակերտ քաղաքի մոտ վերջերս հայտնաբերված կակղամորթ կենդանիների բրածո մնացորդներն էին: Դուրս գալով Մարտակերտից` խումբը կանգ առավ Խաչենի ջրամբարի մոտ, որտեղ ուսանողները ծանոթացան ջրամբարի կառուցման պատմությանը և նպատակներին, ինչպես նաև ջրամբարի մոտ գտնվող ներժայթուկային մարմնին և պղնձի հանքավայրին:
Պետք է փաստել, որ այս արշավն օգտակարի և հաճելիի հերթական լավագույն զուգորդումներից էր:
Ռուբինա Թովմասյան