Ապրիլի 18-ին ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սիրուն Բաղդասարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր խաղ-մրցույթ:
Մրցույթի մասնակից ուսանողները մի քանի փուլերի ընթացքում հանդիսատեսին են ներկայացրել իրենց գրական-թատերական, ստեղծագործական և մասնագիտական ունակությունները:
Ուսանողների կողմից բեմադրված փոքրիկ թատերական ներկայացումները յուրօրինակ պատգամներ էին, թե ինչպիսին պիտի լինի ուսուցիչը ուսումնական գործընթացում և նրանից դուրս: Իսկ նրանց ձեռքի աշխատանքները, որոնք ներկայացվել են գնահատող հանձնախմբի դատին, լրացնելու էին եկել ապագա մանկավարժների կերպարները:
Հանձնախմբի գնահատականների արդյունքում լավագույնն է ճանաչվել հայոց լեզու և գրականություն մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Մայա Հայրապետյանը, ով երազում է արժանի լինել մանկավարժի կոչմանը և իր մասնագիտական գիտելիքներն ի սպաս դնել հայրենի գյուղի բարգավաճմանը:
Միջոցառման կազմակերպիչ Ս. Բաղդասարյանը համոզված է, որ այսօրվա ուսանողն իր մասնագիտական պատրաստվածությամբ և մարդկային որակներով կդառնա լավ մասնագետ և կկարողանա կրթել հայրենասեր սերունդ: