Արցախի պետական համալսարան

 

IMG 1240   IMG 1257

IMG 1298   IMG 1303

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Մոլեկուլային կենսաբանության ակադեմիական ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ անգամ  ԱրՊՀ-ում ներկայացնում է իր գիտահետազոտական աշխատանքի արդյունքները:

Հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պրոռեկտորներ, բնագիտական ֆակուլտետի ղեկավար կազմը, դասախոսներ, ուսանողներ:

Զբաղված լինելով հետազոտություններում, որոնք թույլ կտան պարզել հայկական էթնոսի գենետիկան, որոշել հայերի բնակեցման աշխարհագրական սահմանները, Լ. Եպիսկոպոսյանն ու մարդաբաններից, կենդանաբաններից, բուսաբաններից և երկրաբաններից կազմված արշավախումբը ԱՀ Կառավարության հրավերով և առաջարկությամբ 2011, 2014 և 2016 թվականներին պեղման աշխատանքներ է իրականացրել Արցախի քարանձավներում:

«Խորհրդային շրջանում Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով հայկականության հետ առնչվող հետազոտությունները արգելված էին ոչ միայն հայ, այլև օտարազգի հետազոտողների շրջանում: Այսօր մենք հնարավորություն ունենք ոչ միայն պեղումներ իրականացնելու տարածաշրջանում բացառիկ նշանակություն ունեցող քարանձավներում, այլև դրանց արդյունքները հասանելի դարձնել միջազգային հանրությանը»,- ասել է Լ. Եպիսկոպոսյանը:

Այս հարցում հետազոտողներին օգնել են մասնագետներ Լեհաստանից, մասնավորապես՝ մարդաբանության ամբիոնի վարիչներ Կրակովից և Պոտսդամից: «Քարին տակի քարանձավում ԴՆԹ-ի պահպանման մակարդակը շատ բարձր է»,- նշել է Լ. Եպիսկոպոսյանը:

Քարին տակի քարանձավում  հայտնաբերվել է 8000 տեսակի կենդանական բրածո մնացորդ, ոսկրային նյութի հիման վրա գյուղում ստեղծված ժամանակավոր լաբորատորիայում որոշվում է հնագիտական շերտերի տարիքը: Մշակութային հարուստ նյութ պարունակելուց բացի, Քարին տակի քարանձավը, ի տարբերություն Ազոխի քարանձավի, պահպանել է հնագույն ժամանակների ԴՆԹ, ինչի շնորհիվ արշավախմբին հետաքրքրող ավելի շատ հարցեր գտնում են պատասխաններ:

Լ. Եպիսկոպոսյանը մտահոգություն է հայտնում, որ օտարազգի ուսանողները և երիտասարդ հետազոտողներն ավելի շատ են ներգրավվում աշխատանքային տարբեր խմբերում, քան  տեղի ուսանողությունը:

«Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ Արցախը ոչ միայն պատերազմում կամ պաշտպանվում է, այլև՝ ուզում է օգտվել կյանքի հաճույքներից, որը նաև գիտությունն ու մշակույթն է: Ուստի առաջարկում եմ և հորդորում պոտենցիալ ունեցող ուսանողներին` ներգրավվել  այս աշխատանքներում»,- նշել է արշավախմբի ղեկավարը և ուսանողներին առաջարկել մասնակցել 2017 թվականի աշխատանքներին:

Ռեկտոր Մ. Մինասյանը շնորհակալություն է հայտնել Լ. Եպիսկոպոսյանին գիտական նորություններով համալսարանականների հետ կիսվելու և պարբերական շփումների համար, ապա պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա պեղումներին  ԱրՊՀ ուսանողությանը ևս ներգրավելու առումով: