Արցախի պետական համալսարան

 

IMG 1535   IMG 1537

IMG 1474   IMG 1502

Ամենամյա «Ռուսական խոսքի օրեր»-ի շրջանակում ԱՀ ԿԳՍ նախարարության և ԱրՊՀ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի համատեղությամբ ԱրՊՀ-ում կազմակերպվել էր կլոր սեղան՝ նվիրված ռուսաց լեզու և գրականություն առարկայից ընդունելության քննությունների թեստաշարերին:

Կլոր սեղանին հրավիրված էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, ԵՊՀ ռուսաց լեզուն` հումանիտար ֆակուլտետների համար ամբիոնի դասախոսներ մ.գ.թ. Լիլիթ Զոլյանը և Կարինե Մինասյանը, նախարարության աշխատակիցներ, հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչներ, համալսարանականներ:

Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ,  բ.գ.թ., դոցենտ Ն. Առաքելյանը, հիմնավորելով կլոր սեղանի թեմայի արդիականությունն ու հրատապությունը, ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ռուսաց լեզուն Արցախում վտանգված է և իբրև ապացույց 2012, 2015 և 2016 թվականների ցուցանիշներ է ներկայացրել: Այսպես, եթե 2012-ին և 2015-ին ռուսաց լեզվի ընդունելության քննություններից անբավարար գնահատականներ են ստացել դիմորդների 29-32%-ը, ապա 2016 թվականին այդ թիվը հասել է 46%-ի:

«Եթե հաշվի առնենք ռուսաց լեզվի դրվածքը հանրակրթական դպրոցներում՝ ներառյալ ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությունն ու աշակերտների պոտենցիալը, ապա վստահաբար կարող ենք ասել, որ թեստային առաջադրանքները ոչ այլ ինչ են, եթե ոչ թյուրիմացություն»,- համոզմունք է հայտնել Ն. Առաքելյանը:

Ամբիոնի պատասխանատուի և անդամների մտահոգությունը պայմանավորված է նրանով, որ վերջիններս թեստաշարերի և դպրոցական ծրագրերի անհամապատասխանությունը ոչ միայն անպատասխանատվություն են դիտարկում լեզվի և լեզվակիրների նկատմամբ, այլև բուհերում համապատասխան բաժինների համար խնդիրներ են հարուցում:

Ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Ինգա Հակոբյանն այն կարծիքին է, որ լեզվից ստացած գիտելիքների չափանիշը բանավոր հաղորդակցությունն է և ոչ թեստային առաջադրանքները, որոնք կարճ ժամանակահատվածում մեծ թվով աշակերտների գիտելիքների ստուգման գործառույթ են իրականացնում:

«Այսօր մենք գործ ունենք ուսանողների հետ, որոնց համար դժվարություն է առաջանում ոչ միայն հաղորդակցվելիս, այլև հաղորդվող նյութը ընկալելիս: Մենք՝ օտար լեզվի դասախոսներս, ստիպված ենք լինում պրիմիտիվիզմի մակարդակի զիջումների գնալ»,- նշել է մ.գ.թ. Լիլիթ Զոլյանը:

Կարինե Մինասյանը, համեմատելով ՌԴ և ՀՀ ուսուցման մեթոդներն ու թեստաշարերը, նկատում է. «Նման խնդրի հետ բախվել է նաև Ռուսաստանի Դաշնությունը, որը հաղթահարվել է: Ավելին՝ այսօր ՌԴ համապատասխան կառույցները քայլեր են ձեռնարկում թեստային եղանակով քննություններից հրաժարվելու ուղղությամբ՝ տեղ տալով բանավոր քննություններին, որը գիտելիքների ստուգման ամենառեալ եղանակն է»:

Հանրակրթական դպրոցի ուսուցիչները ևս հարցի հետ կապված մտահոգություններ ունեն: Նրանք չեն թաքցնում, որ հաճախ իրենք են ցայտնոտի մեջ հայտնվում թեստաշարերի հակասություններից և անհամապատասխանություններից: Բացի այդ, ուսուցիչներն անհանգստացած են դպրոցական գրքերի բովանդակության և նկարազարդումների վերաբերյալ:

Կլոր սեղանի վերջում մասնակիցները միաձայն որոշում ընդունեցին դիմել ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանին և առաջարկել առնվազն վերանայել թեստային առաջադրանքները՝ դրանք համապատասխանեցնելով ուսումնական ծրագրին: