Արցախի պետական համալսարան

1   2

Օրերս ԱրՊՀ պատմության ամբիոնի, հայագիտական կենտրոնի և ԵՊՀ պատմության ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ ԵՊՀ-ում անց է կացվել գիտաժողով` նվիրված Նիկոլ Դումանի 150-ամյակին:

Նիկոլ Դումանի գործունեության տարբեր շրջանների, հայոց պատմության մեջ ունեցած նրա դերի մասին զեկուցումներով հանդես են եկել ոչ միայն ԵՊՀ, այլև Արցախի պետական համալսարանի դասախոսներ պ.գ.դ., պրոֆեսոր Արարատ Վարդանյանը, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը և ուսանողներ:

«Մենք վերջերս ենք Արցախի պետական համալսարանում անցկացրել Նիկոլ Դումանի 150-ամյակին նվիրված գիտաժողով ու այնտեղ ևս ներկայացրել նրա կյանքն ու գործունեությունը: Մեր ֆակուլտետը շատ սերտ համագործակցում է Արցախի պետական համալսարանի հետ: Առաջիկայում էլ պատրաստվում ենք համագործակցության հուշագիր ստորագրել, որը կենթադրի ոչ միայն համատեղ գիտաժողովների անցկացում, այլև ուսանողների փոխանակում, դասախոսների վերապատրաստում, մեթոդական աջակցություն և այլն»,- նշեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

ԱրՊՀ պրոֆեսոր, պ.գ.դ. Արարատ Վարդանյանը բարձր է գնահատել երկու բուհերի ամբիոնների համագործակցությունը և նշել, որ երկկողմանի պատրաստակամությունը նպաստում է ուսանողների գիտակրթական մակարդակի բարձրացմանը:

Գիտաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ եղավ Նիկոլ Դումանի «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության» ռազմագիտական ձեռնարկին, Խանասորի արշավանքում նրա ունեցած դերին, Բաքվի ինքնապաշտպանության կազմակերպմանը և այլն: Ցուցադրվել է նաև «Նիկոլ Դուման» փաստավավերագրական ֆիլմը:

Գիտաժողովի մասնակից ուսանողներից Էլլադա Հայրապետյանը նման ձևաչափով գիտաժողովների կազմակերպումը կարևորում է երկու տեսանկյունից՝ նշելով. «Նախ` դրանք հնարավորություն են տալիս բազմակողմանի ուսումնասիրել և ներկայացնել ազգային հերոսներին, ապա՝  նպաստում են  միջհամալսարանական շփումների սերտացմանը»: