Արցախի պետական համալսարան

 

IMG 1700   IMG 1741

IMG 1735   IMG 1728

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում ապրիլի 21-ին սրբազան լանդշաֆտներում իրականացված պեղումների  հիմնական արդյունքների վերաբերյալ դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ.,  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը:

Ներկայացնելով սրբազան լանդշաֆտներում իրականացված պեղումների ամփոփ նկարագիրը՝ Պ. Ավետիսյանը նախևառաջ կարևորել է աշխատանքի նպատակը. «Հայաստանյան հնագիտության ձեռքբերումներն արժևորվում են ոչ միայն այն առումով, որ նոր հուշարձաններ են պեղվում, այլև նրանով, թե այդ հուշարձաններից կորզված տեղեկատվությունն ինչ նշանակություն ունի մարդկության ձևավորման պատմության համար»:

Հնագետի խոսքով, պեղման աշխատանքներն ու դրանց արդյունքները ցույց են տալիս  Հնագույն և Հին Հայաստանի սրբազան լանդշաֆտների բազմազանությունը: Այսպես, հնագույն բնակատեղիների կառուցապատման նմուշները հստակ պատկերացում են տալիս այն մասին, որ մարդն իր` ծիսական նշանակության կարիքները բավարարել է ինչպես տանը (օրինակ՝ սրբի անկյուն), այնպես էլ նրա տարածքից դուրս (օրինակ՝ տաճար): Եզրակացնել կարելի է, որ սրբավայրերն էական դեր են խաղացել մարդկության պատմության ընթացքում: Հաճախ դրանց շուրջ է ձևավորվել և զարգացել հասարակական կյանքը: Մինչդեռ անհնար է ճիշտ հասկանալ սրբավայրի էությունը՝ առանց հաշվի առնելու այն լանդշաֆտի առանձնահատկությունները, որոնց միջավայրում զարգացել է տվյալ սրբավայրը:

Այս առումով պակաս կարևոր չեն նաև Հայկական լեգենդներից և առասպելներից հայտնի ժայռաքարերն ու վիշապ-քարակոթողները, որոնք հնագիտական պեղումների առարկա են:

«Հատկանշական է, որ վիշապաքարերը, ինչպես խաչքարերը, բնորոշ են միայն Հայկական լեռնաշխարհին: Դրանք հնում սրբավայրեր են եղել, դրվել առանցքային վայրերում, մարմնավորել են համայնական հիշողության պահպանման ոլորտը: Վիշապաքարերի նշանակությունը լիարժեք հասկանալու համար, պետք է դրանք պեղել և ուսումնասիրել նախնական տեղադրման վայրում: Իսկ այն, ինչ ուսումնասիրվել է մինչ օրս, հիմնականում տեղաշարժված վիշապաքարեր են»,- նկատում է Պ. Ավետիսյանը:

Դասախոսությունից հետո Պ. Ավետիսյանը պատասխանել է ներկաների հարցերին, ծավալվել է քննարկում: