Արցախի պետական համալսարան

 

IMG 1616   180110

IMG 1590   IMG 1549

Օրերս անգլերեն լեզվի ամբիոնի դասախոսների նախաձեռնությամբ և անգլերեն լեզու և գրականություն մասնագիտության բոլոր կուրսերի ուսանողների անմիջական մասնակցությամբ ԱրՊՀ-ում կազմակերպված միջոցառումը նվիրված էր Հիսուս Քրիստոսի հարության հրաշափառ տոնին՝ Զատկին:

«Չնայած մենք սովորում ենք օտար լեզուների ֆակուլտետում և օտար լեզուների ապագա մասնագետներ ենք, այնուամենայնիվ, հավատարիմ  ենք մեր արմատներին և առաջնային տեղ ենք հատկացնում հայկական ավանդույթներին: Եվ դա շնորհիվ մեր ընտանիքների, ապա՝ դպրոցի և բուհի: Հայկականության  հանդեպ ունեցած մեր սիրո և հետաքրքրությունների առհավատչյան էլ այս միջոցառումն է»,-ասում է միջոցառման մասնակից ուսանողուհի Մարիամը:

Նրա խոսքով, միջոցառման մասնակիցները նպատակ են ունեցել անգլերեն լեզվով ներկայացնել, թե ինչպես են տարբեր երկրներում նշում Սուրբ Զատիկը: Սակայն ավելի մեծ տեղ է հատկացվել հայկական ավանդույթներին ու սովորույթներին:

Միջոցառումը կարևոր էր նրանով, որ ուսանողները, տիրապետելով օտար լեզուների, հնարավորություն են ունեցել օտար լեզուներով ներկայացնել Զատկի ավանդույթները, ցուցադրել իրենց ստացած գիտելիքները, միաժամանակ նաև արժևորել ու երիտասարդության շրջանում քարոզել  հայ եկեղեցու գլխավոր տոներից մեկը:

Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես են եկել աստվածաշնչյան ընթերցումներով, ասմունքի, երաժշտական, պարային համարներով և բեմականացմամբ: Ցուցադրվել էր նաև ուսանողների կողմից պատրաստված տեսանյութ, որի առաջին մասում քահանան պատմում էր քրիստոնյա աշխարհի մեծագույն տոնի մասին, իսկ հաջորդիվ դասախոսներն ու ուսանողները Քրիստոսի հրաշափառ հարության առթիվ շնորհավորել են միմյանց և հանդիսատեսին:

Մարիամ Սահակյան

Անգլերեն լեզու և գրակ., 2-րդ կուրս