ԱրՊՀ-ԵՀՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՆ ԱՐՎԱԾ ԵՆ

25.04

2017

 

1799111   IMG 1877

IMG 1889   1803305

ԱրՊՀ ուսանողական ինքնավար մարմինները մշտապես համագործակցում են տեղի և հայաստանյան գործընկեր բուհերի համապատասխան կառույցների հետ՝ այդպիսով նպաստելով ինչպես միջբուհական համագործակցությանը, այնպես էլ ուսանողական հագեցած առօրյայի կազմակերպմանը:

Միջբուհական շփումները դրսևորվում են հանդիպումներով, համատեղ ծրագրերի իրականացմամբ, փոխայցելություններով և այլն: Օրերս սկիզբ դրվեց Արցախի պետական համալսարանի և Երևանի Հյուսիսային համալսարանի համագործակցությանը, որը նշանավորվեց ԱրՊՀ-ում ԵՀՀ պատվիրակության ընդունելությամբ:

ԱրՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Մարիամ Ծատրյանը և ՈւԽ մի խումբ անդամներ ԵՀՀ պատվիրակությանը դիմավորեցին մշակութային մայրաքաղաք Շուշիի մատույցներում, ապա միասին շրջայց կատարեցին Շուշիի պատմամշակութային վայրերով, որտեղ էլ ԵՀՀ-ականներին հյուրասիրեցին ղարաբաղյան  ժենգյալով հացով:

Ռուբեն Զեյթնագյանը տպավորված, բայց զարմացած չէ նման ընդունելությունից: Ասում է՝ ծանոթ են ղարաբաղցիների հյուրասիրությանը և առիթներ ունեցել են ճաշակելու ղարաբաղյան ավանդական ճաշատեսակները: ՈւԽ նախագահ Տաթևիկ Ապրեսյանը, ով առաջին անգամ է Արցախում, ևս տպավորված է Արցախ աշխարհի հրաշագեղ բնությամբ և ջերմ ու անմիջական ընդունելությամբ:

Տաթևիկ Ապրեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տպավորություններիս մասին չկիսվել չեմ կարող: Առաջին անգամ է, որ Արցախում եմ ու տպավորված եմ արցախցիների` այդքան հաճելի հյուրընկալությունից»:

Շուշիի շրջագայությունից հետո ԵՀՀ-ականների հետ հանդիպել և երկու համալսարանների ՈւԽ համագործակցության հնարավոր ուղիներն ու հեռանկարներն է քննարկել ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:

Պրոռեկտորը ողջունել է ԵՀՀ ուսանողների՝ Արցախ այցելելու և մայր բուհի ուսանողությանը հանդիպելու նախաձեռնությունը՝ առաջարկելով այդ համագործակցությունը տեղափոխել գործնական հարթակ և հստակ ուղիներ նախանշել առաջիկա անելիքների վերաբերյալ:

Պրոռեկտորի հետ հանդիպմանը ԵՀՀ ՈւԽ նախագահը հանդես է եկել առաջարկով՝ ԱրՊՀ-ականներին հրավիրելով մասնակցելու  մայիս ամսին ԵՀՀ-ում կայանալիք ուսանողական գիտաժողովին:

Նշենք նաև, որ Հյուսիսային համալսարանի մի խումբ ուսանողներ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ են և մարտական գործողությունների առաջին իսկ օրերից առաջնագծում էին: Սերյոժա Մակարյանն ու Արման Ստեփանյանը այդ տղաների շարքում էին: Նրանք ԵԿՄ կամավորականների խմբով Արցախ են շտապել պատերազմի լուրն առնելուն պես՝ ապրիլի 2-ին:

Հարցին, թե ինչն էր նրանց մղել Արցախ գալ և մարտական գործողություններին մասնակցել, տղաները կիսազարմացած և կիսաժպտացող հայացքով են պատասխանում. «Մեզ հողն է կանչել: Մեր նախնյաց ժառանգությունը»:

Տղաներն այն համոզմունքին են, որ հայ ընտանիքում ծնված և հայեցի դաստիարակություն ստացած յուրաքանչյուր մարդ չէր կարող անտարբեր լինել և շարունակել ապրել սովորական առօրյայով այն դեպքում, երբ վտանգված էր հայկական երկրորդ հանրապետության խաղաղությունը:

«Մեր ծնողներն իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրել են հայրենիքին: Մենք նրանց մշտապես համազգեստով ենք տեսել, և արտասովոր ոչինչ չկա, որ ապրիլյան պատերազմի օրերին մենք շտապել ենք Արցախ: Մենք այդպես ենք դաստիարակվել, և դա վաղուց բնավորություն է»,- ասում են տղաները:

Օրվա երկրորդ մասը ԵՀՀ և ԱրՊՀ ուսանողներն անցկացրել են միասին, շրջել մայրաքաղաքով, զբոսնել երեկոյան Ստեփանակերտում: