Արցախի պետական համալսարան

 

IMG 2065   IMG 2074

IMG 2070   IMG 2064

Ապրիլի 26-ին ակադեմիկոս Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Միրա Յարամիշյանի նախաձեռնությամբ կազմակերպված գիտական սեմինարը նվիրված էր ուսուցման ժամանակակից մեթոդներին ու նրանց կիրառությանը կրտսեր դպրոցում:

Սեմինարին հրավիրված էին Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցների դասվարներ, մանկավարժներ, ուսանողներ:

Արդի ժամանակաշրջանում ժամանակակից կրթակարգի պահանջները բավարարող գործընթացում շեշտադրվում է աշակերտակենտրոն կրթության դերը: ԱրՊՀ-ն մի կողմից ձգտում է պատրաստել աշխատաշուկային համապատասխան մանկավարժներ, մյուս կողմից՝ մեթոդական օգնություն ցուցաբերել հանրակրթական դպրոցների ուսուցիչներին:

Հանդես գալով ուսուցման ժամանակակից մեթոդների վերաբերյալ զեկուցմամբ՝ Մ. Յարամիշյանն անդրադարձել է կրտսեր դպրոցում մայրենիի դասերին առավել նպատակահարմար կիրառություն ունեցող մեթոդներին:

Միջոցառումը նաև մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտության ուսանողների ակտիվ փորձուսուցման մասին պատմող յուրահատուկ հաշվետվություն էր, որի ընթացքում յուրաքանչյուր մեթոդի վերաբերյալ տեսական նյութի մատուցմանը հաջորդում էր համապատասխան տեսանյութը, որտեղ ուսանողները գործնականում ցուցադրում էին, թե ինչպես կարելի է կիրառել տվյալ մեթոդը և ինչ պայմաններում:

«Նման միջոցառումները նպատակ են հետապնդում նպաստել կրթության որակի և սովորողների ակտիվության բարձրացմանը, միջանձնային հարաբերությունների մշակույթի ձևավորմանը, ուսուցման գործընթացն ակտիվ ու հետաքրքիր դարձնելուն, համագործակցային խմբերով աշխատելուն»,- նշել է Մ. Յարամիշյանը: