Այս օրերին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում մանկավարժական փորձուսուցում են անցնում ԱրՊՀ մի շարք մասնագիտությունների ուսանողներ, ովքեր փորձուսուցման ընթացքում նաև կազմակերպում են բաց դասեր, դաս-միջոցառումներ և այլն:
Օրերս մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները Ե. Չարենցի անվան համար 7 հիմնական դպրոցում կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմին և Հայոց ցեղասպանությանը: Միջոցառման ընթացքում ուսանողներն աշակերտների հետ համատեղ երաժշտական, պարային և ասմունքի համարներ են ներկայացրել:
Փորձուսուցման գործընթացը վերահսկվում է ոչ միայն մասնագետ-ղեկավարների, մանկավարժների և հոգեբանների, այլ նաև փորձուսուցման բաժնի կողմից: Բաժնի պետ Անուշ Հայրապետյանը նշում է. «Փորձուսուցման վայրեր, մասնավորապես՝ դպրոցներ կատարված պարբերական այցելությունները թույլ են տալիս եզրակացնելու, որ ԱրՊՀ ուսանողներն ունեն ժամանակակից կրթակարգի պահանջներին համապատասխան մասնագիտական և մանկավարժական որակներ»:
«Մանկավարժության մեջ առաջին քայլերն արած ուսանողները կվերադառնան ուսումնառության՝ խանդավառված ուսուցչական աշխատանքից ստացած տպավորություններով, սիրահարված ու կապված դպրոցին ու աշակերտներին,- համոզված է փորձուսուցման ղեկավարներից բ.գ.թ. Սիրուն Բաղդասարյանը,- վստահաբար վճռած իրենց ուղին՝ լինել մանկավարժ և հավատարիմ մնալ մանկավարժի կոչմանը»: