Արցախի պետական համալսարան

 

IMG 2116   IMG 214145

IMG 214786783   IMG 2122

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում ԱրՊՀ-ականների հյուրը, արդեն երրորդ անգամ, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ու Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Դավիթ Շահնազարյանն էին:

Հանդիպմանը արտաքին քաղաքականության ոլորտում երկարամյա գործունեություն ծավալած բանախոսները հանդես են եկել «ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների համատեքստում» թեմայով դասախոսությամբ:

Շ. Քոչարյանն իր ելույթը կառուցել էր առավելապես գլոբալ մարտահրավերների շուրջ՝ այդ համատեքստում խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության և դիվանագիտության առջև ծառացած խնդիրների և անելիքներ մասին:

Անդրադառնալով Հայաստան-Վրաստան, Իրան, Ուկրաինա, Թուրքիա, Ադրբեջան հարաբերություններին՝ փոխարտգործնախարարը առանձնացնում է  հատկապես վերջին երկուսը՝ մանրամասնելով վերջիններիս արտաքին քաղաքականության հիմնական շեշտադրումները: Այս կապակցությամբ Շ. Քոչարյանը ընդգծում է Թուրքիայում վերջերս անցկացված սահմանադրական հանրաքվեն, դրա արդյունքներն ու հետևանքները:

 «Թուրքիան սահմանադրական հանրաքվեով հեռացավ ԵՄ-ից՝ ևս մեկ քայլ անելով դեպի բռնապետություն: Սա վերջին քայլն էր, որ արեց Էրդողանի կուսակցությունը՝ Թուրքիայի՝ Եվրոպա գնալու ճանապարհին, որը  լուրջ մարտահրավեր է տարածաշրջանի, և առանձնապես Հայաստանի Հանրապետության  համար»,- նշում է Շ. Քոչարյանը:

Գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների համատեքստում անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին՝ Դ. Շահնազարյանը ենթադրում է, որ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ ուշադրությունը կարող է ակտիվանալ և դրա պատճառն այն է, որ ԱՄՆ-ն կարևորում է տարածաշրջանում ՀՀ դերը. «ԱՄՆ-ն շարունակելու է հնարավորինս զարգացնել ու խորացնել ՀՀ-ի հետ հարաբերություններն այնքան, որքան Հայաստանի իշխանությունները պատրաստ կլինեն»:

Գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները չեն շրջանցում Արցախի հանրապետությունը, ավելին` արցախյան հիմնախնդիրը ՀՀ արտաքին քաղաքականության բաղադրիչն է: Այս կապակցությամբ Դ. Շահնազարյանն այն համոզմունքն է հայտնել, թե Ապրիլյան պատերազմի ելքը մեծագույն նվաճում էր այն առումով, որ ԱՀ ՊԲ-ն կարողացավ սեփական ուժերով ձախողել ադրբեջանական ծրագրերն ու կանխել սարսափելին:

Խոսելով բանակցային գործընթացի մասին՝ վերլուծաբանն այն կարծիքն է հայտնում, որ դրանց արդյունավետությունը պայմանավորված է հակամարտության կառավարման մեխանիզմների արդյունավետությամբ: Իսկ Արցախի կարգավիճակը պայմանավորված չէ բացառապես ՀՀ կողմից ճանաչմամբ:

«ՀՀ դիրքորոշումն այս առումով որոշիչ չէ: Արցախը պետք է միջազգային ճանաչում ստանա Կոսովոյի օրինակով,- համոզված է Դ. Շահնազարյանը,- և հայկական սփյուռքը պիտի միավորի ուժերն ու ապրիլի 24-ի օրինակով ամբողջ աշխարհում միջոցառումներ կազմակերպի նաև սեպտեմբերի 2-ին՝ այն հռչակելով Արցախի միջազգային ճանաչման օր»: