Արցախի պետական համալսարան

 

7894536456456456546   45456453645

456789689999999   155996676786

ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Ավանեսյանը ապրիլի 19-ից 21-ը մասնակցել է Ի. Ս. Տուրգենևի անվան Օռլովի պետական համալսարանում կազմակերպված «Միջմշակութային երկխոսությունը և ժամանակակից մարտահրավերները» թեմայով գիտագործնական կոնֆերանսին: Գործուղման ընթացքում համագործակցության հուշագիր է ստորագրվել Արցախի և Օռլովի պետական համալսարանների միջև: Այս կապակցությամբ «Արցախի համալսարանը» զրուցել է Վ. Ավանեսյանի հետ:

- Պարոն Ավանեսյա´նգիտաժողովում հանդես եք եկել «Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը. պատմություն և արդիականություն» թեմայով զեկուցմամբ: Ինչպե՞ս այն ընդունվեց և ի՞նչ արձագանքներ ունեցավ:

- Նախ` կարևոր եմ համարում նշել, որ գիտաժողովի կազմակերպիչները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակին արժանացրել էին առանձին ուշադրության. ես հանդիսանում էի գիտաժողովի համանախագահներից, բացման նիստում հանդես եկա ողջույնի խոսքով, նաև մասնախմբերից մեկի կարգավորողն էի:

Գիտաժողովին հրավիրված էին չճանաչված կամ մասամբ ճանաչված պետություններ (Արցախի Հանրապետություն, Մերձդնեստրի Հանրապետություն, Դոնեցկի Ազգային Հանրապետություն, Լուգանսկի Ազգային Հանրապետություն, Հարավային Օսիա,), որոնց ներկայացուցիչների ելույթներն առնչվում էին միջազգային ճանաչման փորձին  ու հեռանկարներին:

«Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը. պատմություն և արդիականություն» թեմայով իմ զեկուցումը, որով հանդես եմ եկել «Ռուսաստանը Ռուսաստանից դուրս. Ինքնահռչակման ինքնության ֆենոմենը» թեմայով կլոր սեղանի ընթացքում, ոչ միայն ընդունվեց, այլև բուռն քննարկումների տեղիք տվեց` դրական առումով:

- Ինչպես նշեցիք, գիտաժողովին մասնակցում էին «Ինքնորոշված պետությունների համալսարանների ասոցիացիայի» անդամ երկրներ: ԱրՊՀ-ն ևս հանդիսանում է ասոցիացիայի անդամ: Գիտաժողովն այս համագործակցության առումով ի՞նչ է տվել:

- Մերձդնեստրի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Բերիլը կլոր սեղանի ընթացքում անդրադարձել է «Ինքնորոշված պետությունների համալսարանների ասոցիացիային», ներկայացրել նրա գործունեությունն ու համատեղ աշխատանքները, որոնցից են նախորդ տարի անցկացված օնլայն կոնֆերանսը և ասոցիացիայի՝ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ընդունած համատեղ որոշումը: Համագործակցային այսպիսի ծրագրերը ընդլայնում են միջբուհական համագործակցության շրջանակները և ռուսական կրթական դաշտին ինտեգրվելու փորձ են, ինչպես նաև՝ միջազգային ճանաչմանն ուղղված  քայլեր:

- ՌԴ-ում գտնվելու մի քանի օրերի ընթացքում Արցախի և Օռլովի պետական համալսարանների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:  Ի՞նչ է ենթադրում այս համագործակցությունը:

- Այդ օրերին հանդիպում ենք ունեցել Օռլովի պետական համալսարանի ռեկտոր Օ. Պիլիպենկոյի հետ, որի ընթացքում կնքվել է համագործակցության պայմանագիր, ինչը ենթադրում է մի քանի ուղղություններ՝ գիտակրթական և մշակութային համատեղ ծրագրերի իրականացում, գիտական հետազոտությունների և գիտաժողովների կազմակերպում, մեթոդական փոխօգնություն, դասախոսների և ուսանողների փոխանակում, համապատասխան ստորաբաժանումների և կենտրոնների համագործակցություն և այլն:

Մեր կարծիքով, սա կարևոր քայլ է համալսարանի կյանքում այն առումով, որ ԱրՊՀ-ի արտաքին կապերի ընդլայնմանը զուգահեռ` ընդլայնվում են նաև համալսարանականների՝ միջազգային գիտակրթական միջոցառումների և իրադարձությունների մասնակիցը դառնալու  հնարավորությունները:

Նշեմ նաև, որ տեղում ՕՊՀ արտաքին կապերի դեպարտամենտի կողմից հրավեր ենք ստացել` մասնակցելու սեպտեմբեր ամսում կայանալիք գիտաժողովին, որի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում: