Արցախի պետական համալսարան

   

     777777   3

     5555    666666

Մայիսի 5-ին ԱրՊՀ-ում մեկնարկել է Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողովը:

Նախքան գիտաժողովի լիագումար նիստի մեկնարկը` համալսարանականներն ու մասնակիցները ծաղիկներ են խոնարհել ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Գիտաժողովի լիագումար նիստին ներկա էին ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԿԳՍ փոխնախարար Արմեն Սարգսյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, համալսարանի ղեկավար կազմը, դասախոսներ, ուսանողներ:

Հայոց պատմության դարակազմիկ իրադարձություններից առանձնացնելով Արցախյան գոյապայքարն ու Շուշիի ազատագրումը` ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը կարևորել է նման գիտաժողովների կազմակերպումը, որոնց ընթացքում ոչ միայն արժևորվում են պատմության այս կամ այն ժամանակաշրջանը, այլև դրանցով պայմանավորված պետականության ձեռքբերումները:

«Շուշիի ազատագրմամբ հայ մարդը ուժ գտավ իր մեջ և իմաստավորեց ԼՂՀ գոյությունը: Անցած 25 տարիների ընթացքում մեզ հաջողվեց կերտել ազատ, անկախ և հզոր պետականություն, որի առհավատչյան Ապրիլյան պատերազմն էր: Պատերազմ, որ աշխարհին ստիպեց հաշվի նստել Արցախի գոյության փաստի հետ»,- նշել է ԱԺ փոխխոսնակը և հավելել, որ պետության զարգացման գործում անելիք ունի նաև երիտասարդությունը` ի դեմս ուսանողության:

ԱՀ ԿԳՍ նախարարության անունից ողջունելով գիտաժողովի կազմկոմիտեին և մասնակիցներին՝ փոխնախարար Ա. Սարգսյանը հաղթանակների կերտման գործում ընդգծում է ԱրՊՀ դասախոսների և ուսանողության դերը. «Դժվար է հաղթանակներ կերտելը, ավելի դժվար` այն պահպանելն ու նորանոր ձեռքբերումներ գրանցելը: ԱրՊՀ-ն, կանգնած լինելով շարժման ակունքներում, եռատոն է կերտել և այսօր էլ շարունակում է այն ամրագել կրթությամբ և գիտությամբ»:

Ռեկտոր Մանուշ Մինասյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել գիտաժողովի հրավերն ընդունելու համար, ապա նշել. «Վերջին շրջանում լայն թափ  է ստացել ուսանողների մասնակցությունը գիտական միջոցառումներին՝ նոր որակ հաղորդելով ներհամալսարանական և արտահամալսարանական գիտական կյանքին»:

Ռեկտորը բեղմնավոր աշխատանք է մաղթել գիտաժողովի աշխատանքներին և հույս հայտնել, որ ներկայացված աշխատանքները կուղեկցվեն բուռն քննարկումներով:

Լիագումար նիստում զեկույցներով հանդես են եկել Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան համալսարանի մագիստրանտ Զոլտան Ջերելին՝ «Ղարաբաղյան հակամարտությունը Եվրոպական Միության աչքերով» և ԱրՊՀ ուսանողուհի Նինա Բալայանը՝ «Չճանաչված պետությունների տնտեսական զարգացման       համեմատական վերլուծություն (Արցախի, Աբխազիայի, Մերձդնեստրի օրինակովթեմաներով:

Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են մանկավարժության, հոգեբանության և սպորտի, լեզվաբանության, գրականության, հայոց պատմության և մշակութաբանության, համաշխարհային պատմության, իրավագիտության, քաղաքագիտության, տնտեսագիտության, ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների, քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության բաժանմունքներում:

Հավելենք, որ գիտաժողովին մասնակցում են ԱՀ և ՀՀ տասներկու բուհերի` հարյուրից ավելի պատվիրակներ: