Արցախի պետական համալսարան

 

IMG 2816   IMG 2836

IMG 28568   IMG 2872

Ձևավորված ավանդույթի համաձայն մայիսյան եռատոնի կապակցությամբ արիության դասեր են անցկացվում հանրապետության գիտակրթական հաստատություններում: Մայիսի 6-ին ԱրՊՀ-ում արիության դասը վարում էր ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Ռեկտոր Մանուշ Մինասյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին և անդրադարձել մայիսյան տոների խորհրդին:

«Պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Մեր սերնդի համար մայիսյան տոների խորհուրդը կապվում էր Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի հետ, իսկ այսօր դրան գումարվել է հայոց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը փաստացի Արցախյան գոյապայքարի գագաթնակետն էր»,- ասել է Մ. Մինասյանը, ապա շնորհավորել հայոց փառապանծ հաղթանակների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ:

Մայիսյան հաղթարշավը սկսվել էր Ավարայրից, ապա՝ Սարդարապատ, Մեծ Հայրենական, Շուշի և Ապրիլյան քառօրյա: Բոլոր այս հաղթանակների համար, ինչպես գեներալ-լեյտենանտ Լ. Մնացականյանն է նշում, թանկ գին է վճարվել: Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի լինելիության, նրա պատմության ամենավառ էջերից է: Պատմական ակնարկ կատարելով Ավարայրից մինչև մեր օրեր՝ Ապրիլյան պատերազմ՝ Լ. Մնացականյանը անդրադարձել է հայկական բանակի կազմավորման պատմությանը և նրա 25-ամյա ընթացքի ձեռքբերումներին:

Պաշտպանության նախարարն իր  ելույթում անդրադարձել է նաև վերջին մեկ տարում՝ ապրիլյան ռազմագործողություններից հետո առաջնագծում իրականացված աշխատանքներին և նորագույն սերնդի զինտեխնիկայի ձեռքբերմանը: Այս կապակցությամբ Լ. Մնացականյանը հավաստիացրել է, որ նորագույն սարքավորումների շնորհիվ ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հնարավորություն ունեն իրական ժամանակում հետևելու հակառակորդի շարժին և համապատասխան գործողություններ ձեռնարկելու:

«Վստահորեն կարող ենք ասել, որ ժամանակակից մի շարք սարքավորումների առկայության շնորհիվ այսօր սահմանապահ զինվորը կարողանում է վերահսկել հակառակորդի շարժը առաջնագծում և խորքում»,- նշել է Լ. Մնացականյանը՝ հավելելով, որ առաջնագծի՝ զինտեխնիկայով և այլ անհրաժեշտ սարքերով համալրման գործընթացը շարունակվում է:

ՊԲ հրամանատարը զինծառայողների սոցիալ-կենցաղային և մի շարք այլ պայմանների բարելավման ծրագրերի մասին խոսելիս անդրադարձել է նաև բուհ-բանակ համագործակցությանը. «Այս գործում կարևորում ենք բարձրագույն ուսումնական հաստատությունների դերը, որոնց հետ  համատեղ իրականացվում են այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են համապատասխան ամբիոնների հիմքի վրա ԱԹՍ օպերատորների, կրտսեր հրետանավորների, հետախույզ-թարգմանիչների պատրաստումը»:

ԱՀ ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանը բանակ-հասարակություն, մասնավորապես բանակ-բուհ կապի գաղափարի կողմնակից է և կիսում է փոխշահավետ համագործակցության գաղափարը՝ նշելով, որ ԿԳՍ նախարարությունն իր լիազորությունների սահմանում անում է հնարավորը` բանակին օգտակար լինելու համար:

«Յուրաքանչյուր քաղաքացի պատրաստակամ է կանգնելու սահմանապահ զինվորի կողքին, ինչի առհավատչյան բանակի զինման գործընթացին զուգահեռ տարվող տարաբնույթ աշխատանքներն են քաղաքացիական կյանքում՝ ռազմահայրենասիրական դաստիարակությունից մինչև քաղպաշտպանական միջոցառումներ՝ հանուն ընդհանուր նպատակի»,- նշել է Ս. Ասրյանը:

Հանդիպման վերջում  ՊԲ հրամանատարը պատասխանել է ներկաների հարցերին: