Արցախի պետական համալսարան

18275225    2

4    5

Մայիսի 8-ին ԱրՊՀ-ում կայացած  «Շուշին պատմության քառուղիներում» խորագրով գիտաժողովը նվիրված էր Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին, որին մասնակցում էին երկու տասնյակից ավելի պատվիրակություններ ՀՀ բուհերից:

Գիտաժողովի մեկնարկից առաջ պատվիրակներն ու համալսարանականները հարգանքի տուրք են մատուցել ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակին, ապա մասնակցել ԱրՊՀ նախասրահում բացված ցուցահանդեսին՝ նվիրված  Շուշիի ազատագրման 25-ամյակին:

Լիագումար նիստի բացման խոսքում ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու համար:

«Արցախի մայր բուհը, ինչպես միշտ, չէր կարող անմասն մնալ հանրապետական նշանակության միջոցառումներից: Շուշիի ազատագրման հերթական տարեդարձը նշանավորում ենք  նաև գիտաժողովների ձևաչափով»,- նշել է Մ. Մինասյանը:

Ելույթով հանդես է եկել նաև ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:  ԱԺ նախագահը պատահական չի համարում այն հանգամանքը, որ ԱրՊՀ-ն դարձել է այնպիսի հարթակ, որտեղ ամենատարբեր ձևաչափերով հայկական գիտական ընտրանին քննարկում է ազգային խնդիրներ, նշանավորում ձեռքբերումները:

Ա. Ղուլյանն իր խոսքում նշել է, որ քառորդ դար առաջ այս օրերին Հայրենական Մեծ պատերազմում տարած պանծալի հաղթանակին ավելացրել ենք ևս երկու պատմական հաղթանակ՝ ԱՀ Պաշտպանության բանակի կազմավորումը և բերդաքաղաք Շուշիի հերոսական ազատագրումը, որն ամրապնդվել է անկախության տարիների ձեռքբերումներով:

«Մայիսյան եռատոնի հիմնական գիծը հայի անպարտ ոգին ու կամքն են, որ այս դեպքում փոխանցվել են սերնդեսերունդ: Այդ խորհուրդը լավագույնս դրսևորվել է Ապրիլյան պատերազմում տարած հաղթանակում, երբ աշխարհում սփռված հայ ժողովուրդը միավորվել էր հանուն մեկ նպատակի»,- հավելել է Ա. Ղուլյանը և հույս հայտնել, որ գիտաժողովի արդյունքում բերդաքաղաքի վերաբերյալ գիտական շտեմարանը համալրվելու է նոր ուսումնասիրություններով:

«Շուշիի տեղն ու դերը հայոց  քաղաքակրթական համակարգում» թեմայով զեկուցումով հանդես է եկել ԱՀ ԱԺ փոխնախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Բալայանը: Բանախոսը շեշտը դրել է Ադրբեջանի գիտական շրջանակների կողմից առաջ քաշվող «փաստերի» վրա, որոնք առնչություն չունեն իրականության հետ և չեն համապատասխանում պատմական իրողությանը:

Խոսելով Շուշիի՝ քաղաքակրթության կենտրոն լինելու մասին՝ Վ. Բալայանը նշում է. «Շուշին հայոց բազմադարյա պատմության մեջ իր յուրովի տեղն ու դերն ունի: Քաղաք, որը 19-րդ դարում ժամանակակիցներն անվանել են փոքր Փարիզ, որը, ցավոք, ավերվեց 20-րդ դարում»: Եվ դա այն դեպքում, երբ Շուշիի հայկական բնակչությունը քայլեր էր  գործադրում թուրք բնակչությանը հայկական և եվրոպական քաղաքակրթական համակարգում ընդգրկելու ուղղությամբ:

 «Հայ բնակչությունը համակեցության այնպիսի կանոններ էր ստեղծում, որում  կարող էին տեղ գտնել նաև այլազգիներ, մասնավորոպես՝ խավարի մեջ խարխափող թուրք բնակչությունը»,-ընդգծում է բանախոսը:

Լիագումար նիստի ավարտին ցուցադրվել է Վ. Բաղրյանի «Թերթելով պատմության էջերը» վավերագրական ֆիլմաշարից Շուշիի ազատագրման մասին պատմող հատված: Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են մասնախմբերում: