Արցախի պետական համալսարան

 

IMG 3985  IMG 3999

IMG 4002  IMG 4027

Մայիսի 17-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել և դասախոսությամբ հանդես է եկել լոսանջելեսաբնակ հայ գրականագետ, մատենագետ, թարգմանիչ, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ, ազգային - հասարակական գործիչ Հովսեփ Նալբանդյանը:

Հանդիպմանը ներկա էին գրականագետներ, հայոց լեզվի և գրականության մասնագետներ, ուսանողներ, հյուրեր: Բացման խոսքում ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ներկայացնելով հասարակական գործչի հետաքրքրության և գործունեության ոլորտները, բարձր է գնահատել հատկապես ԱՄՆ-ում հայոց լեզվի և հայ գրականության պահպանման և տարածման գործում ունեցած նրա դերակատարությունը:

«Հ. Նալբանդյանն առանձնանում է նաև բարեգործական գործունեությամբ: Նրա հովանավորությամբ հրատարակվել է  «101 աղոթք հիշատակի» վերտառությամբ աշխատությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին և արցախյան պատերազմի նահատակներին: Նախորդ տարի՝ նաև «Բառը սահմանի վրա» գիրքը, որտեղ տեղ են գտել Արցախի գրական ընտանիքի տարբեր սերունդների ներկայացուցիչների գեղարվեստական գործեր` արձակ եւ չափածո, ինչպես նաեւ արցախյան բանահյուսության նմուշներ»,- ասել է Վ. Յարամիշյանը:

 Բազմաթիվ են նրա բարեգործական ծրագրերը` հայ գրքի տարածման գործում: 

Հովսեփ Նալբանդյանը խոստովանում է, որ գիրքը տարածելը, արժեւորելը համարում է իր հիմնական աշխատանքը:

 Սփյուռքում ապրող և ստեղծագործող մտավորականն իր դասախոսությունը նվիրել էր առավելապես սփյուռքահայության ներկայիս վիճակին, հայապահպանության խնդիրներին` կարևորելով ազգային մշակույթի և հայ գրքի ու գրականության  դերն առհասարակ այդ գործում:

 «Մեզ վերածնունդ է հարկավոր բոլոր բնագավառներում». այսպիսին է Հ. Նալբանդյանի մոտեցումը Արցախում, Հայաստանում և Սփյուռքում տիրող ներկայիս վիճակի բարելավման վերաբերյալ:

 «Բոլորս մեր անձնական շահերը պաշտպանելուց զատ, պիտի ձգտենք զարգացնել և ամրապնդել  մեր ազգային հավաքական գիտակցությունը,-համոզված է նա: Այսօր Սփյուռքում ապրող 8 միլիոն հայության մեկ երրորդը հայ չէ, քանի որ նրանք կապ չունեն հայկականության և հայի արմատների հետ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանք ունենք անելու, ուրեմն՝ միասին կերտենք մեր ապագան, որպեսզի սերունդները ոչ միայն հպարտանան, այլև հզորանան»: