Արցախի պետական համալսարան

1zz  2zz

4zz  3zz

 ԱրՊՀ ՈւՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժինը, ի թիվս այլ խնդիրների, կոչված լինելով նպաստել ուսանողի մտավոր և գաղափարական զարգացմանը, նրա կարգապահության և պատշաճ վարքագծի կանոնների պահպանմանն ուղղված տեղեկատվական և դաստիարակչական աշխատանքների կազմակերպմանը, նախաձեռնել էր բանավեճ-քննարկում՝ նվիրված վարվեցողության կանոններին:

 ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը ներկաներին հիշեցրել է ԱրՊՀ Գիտական խորհրդի կողմից հաստատված «ԱրՊՀ ուսանողի արժեհամակարգ և վարքականոն» ուղեցույցի մասին՝ հավելելով, որ միջոցառումը միտված է ուղեցույց-փաստաթղթում տեղ գտած տեսական ձևակերպումների կիրառությանը գործնականում:

 Ուսանողի պատշաճ վարքագծից բացի, քննարկվել են նաև բանավոր և գրավոր շփման, սնվելու, հաղորդակցվելու, աշխատանքային վարվեցողության, միջանձնային փոխհարաբերություններին առնչվող կանոններ: Հաղորդավարների առաջադրած տեսական դրույթները քննարկվել են ուսանողների և դասախոսների կողմից, ովքեր իրենց կարծիքն են հայտնել էթիկայի այս կամ այն նորմի մասին:

 Քննարկման մասնակիցներից ԱրՊՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ Աննա Հակոբյանը, պահանջված է համարում նման ձևաչափով քննարկումները և առաջարկում այդպիսիք ավելի հաճախ կազմակերպել՝ ավելի լայն լսարանի և մասնակիցների ընդգրկմամբ:

 «Հետաքրքիր ձևաչափ է ընտրված և արդիական թեմա,- նշել է Ա. Հակոբյանը և հավելել,-էթիկայի կանոններին անշեղ հետևելը հաճախ ձևապաշտության է վերածվում: Եղե՛ք քաղաքակիրթ, բայց քաղաքավարության զոհ՝ երբե՛ք»:

 ՈւՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժնի պետ Զարինե Սառաջյանը, բանավեճ-քննարկումը համարելով միջոցառում, որտեղ համատեղված են օգտակարն ու հաճելին, նշել է. «Անկախ ամեն ինչից, չմոռանանք բարի մարդ լինել, բարի խոսքեր ասել, բարի գործեր կատարել և  բարությամբ նայել աշխարհին»: