Մայիսի 19-ին ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի նախաձեռնությամբ կայացել է կլոր սեղան-քննարկում` ռազմական լրագրության զարգացման հեռանկարները Արցախում թեմայով:
ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը բացման խոսքում ողջունել է ամբիոնի նախաձեռնությունը, ապա կարևորել նման ձևաչափով քննարկումների նշանակությունը:
Գրականության և լրագրության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., ավագ դասախոս Շուշան Ասկարյանը, ներկայացնելով հյուրերին, ովքեր ավանդ ունեն Արցախում ռազմական լրագրության ոլորտում, տարածաշրջանային զարգացումների համատեքստում կարևորել է ռազմական լրագրության դերը և նշել. «Այսպիսով մենք նպատակ ունենք գործող և ապագա լրագրողներին ներկայացնել ռազմական լրագրության առանձնահատկությունները, մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև ոլորտի կայացած մասնագետների միջոցով իրազեկել արտակարգ իրավիճակներում լրագրողի գործելու հիմնադրույթների մասին»:
Կլոր սեղանի քննարկման հիմքում ռազմական լրատվության պատրաստման և մատուցման առանձնահատկություններին, տեղեկատվական հոսքերի կառավարման մեխանիզմներին, տեղեկատվական պատերազմներին առնչվող օրախնդիր հարցեր էին, որոնց պետք է տիրապետեն նաև հասարակության բոլոր շերտերը:
ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ տարվող կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը Արցախում ռազմական լրատվության պատրաստման և մատուցման գործում բավականին շատ անելիքներ է տեսնում, բայց և չի ժխտում արցախյան լրագրողների գրագիտությունը, որը դրսևորվել է հատկապես Ապրիլյան պատերազմի օրերին:
Մեջբերելով Նապոլեոնի այն խոսքերը, որ երեք ռազմական լրագրող կարող է անել ավելին, քան հազար զինվորը բաց դաշտում՝ Ս. Հասրաթյանը առանձնացրել է նաև հարաբերական խաղաղության և պատերազմական պայմաններում լրագրողների կողմից թույլ տված սխալները:
«Ռազմական լրագրությունն այն ոլորտն է, որտեղ ժողովրդավարությունը պիտի ավարտվի զորամասի ցանկապատից այս կողմ: Հատկապես պատերազմական իրավիճակում՝ ինֆորմացիոն հոսքը հաճախ կարող է «աշխատել» ի վնաս սեփական երկրի՝ խուճապ առաջացնելով քաղաքացիական հասարակության շրջանում: Ուստի լրատվությունը հաճախ պետք է ենթարկվի գրաքննության»,- համոզված է ոլորտի պատասխանատուն:
Այս կապակցությամբ 1990-ականներին առաջնագծում լրագրողական գործունեություն ծավալած ներկայիս պատգամավորներ Վարդգես Բաղրյանն ու Վարդգես Ուլուբաբյանն այն կարծիքն են հայտնում, թե հեղինակն ինքը պիտի լինի իր առաջին գրաքննադատը և գիտակցի թողարկվող ինֆորմացիայի հետևանքները:
«Այն տարիներին, -ասում է Վ. Բաղրյանը,- ռազմական լրագրություն հասկացություն, որպես այդպիսին, գոյություն չուներ: Կար պատերազմ և մենք կռվում էինք. ոմանք ՝ զենքով, մենք՝ տեսախցիկով, խոսափողով և գրչով»:
Պաշտպանության բանակի «Մարտիկ» պաշտոնաթերթի խմբագիր Սուրեն Սարումյանը ռազմական լրագրողի համար առանձնացնում է մի քանի կարևոր հմտություններ՝ մասնագիտական գիտելիքներ, արտակարգ պայմաններում աշխատելու կարողություն և ռազմական գաղտնիքի հետ աշխատելու ունակություն:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանն անդրադարձել է իրենց կողմից մշակված ինֆորմացիայի հետ վարվելու քաղաքականությանը:
«Հատկապես Ապրիլյան պատերազմի օրերին Հանրային հեռուստաընկերության ողջ անձնակազմը, համագործակցելով ՊՆ համապատասխան կառույցի հետ, կարողացել է ճշգրիտ ինֆորմացիա տարածել ոչ միայն մարտական գործողությունների վերաբերյալ, այլև ռեպորտաժներ պատրաստել առաջնագծում կանգնած զինվորի և երկրի տարբեր հատվածներում ապրող մարդկանց մասին, ինչպես նաև ճիշտ ժամանակին հակադարձել հակառակորդի լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությանը»,- ասել է Ն. Գասպարյանը:
Ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը խոսել է ապատեղեկատվության՝ որպես նպատակային քարոզչության կարևոր գործիքի կիրառության մասին: Վաստակավոր լրագրողը նշել է, որ այս հնարքին հաճախ դիմում է ադրբեջանական քարոզչությունը՝ նպատակ ունենալով հաղթանակ տանել հոգեբանական պատերազմում:
«Այսպիսի միջոցներ պարբերաբար կիրառում է նաև մեր երկրի գերատեսչությունը՝ գրեթե նույն նպատակով: Եվ այստեղ արդեն կարևորվում է տեղի լրատվամիջոցների և լրագրողների գործունեությունը՝ հատկապես արձագանքի առումով»,- ասել է Կ. Գաբրիելյանը:
Քննարկված հարցերի վերաբերյալ արված դիտարկումներից և կարծիքների փոխանակումից բացի, ուսանողները հարցեր են ուղղել հյուրերին և հանդես եկել առաջարկություններով: