Արցախի պետական համալսարան

1IMG 4312  2IMG 4381

3IMG 4338  43wwww

Մայիսի 19-ին ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի նախաձեռնությամբ կայացել է  կլոր սեղան-քննարկում` ռազմական լրագրության զարգացման հեռանկարները  Արցախում թեմայով:

ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը բացման խոսքում ողջունել է ամբիոնի նախաձեռնությունը, ապա կարևորել նման ձևաչափով քննարկումների նշանակությունը:

Գրականության և լրագրության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., ավագ դասախոս Շուշան Ասկարյանը, ներկայացնելով հյուրերին, ովքեր ավանդ ունեն  Արցախում ռազմական լրագրության ոլորտում, տարածաշրջանային զարգացումների համատեքստում կարևորել է ռազմական լրագրության դերը և նշել. «Այսպիսով մենք նպատակ ունենք գործող և ապագա լրագրողներին ներկայացնել ռազմական լրագրության առանձնահատկությունները, մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև ոլորտի կայացած մասնագետների միջոցով իրազեկել արտակարգ իրավիճակներում լրագրողի գործելու հիմնադրույթների մասին»:

Կլոր սեղանի քննարկման հիմքում ռազմական լրատվության պատրաստման և մատուցման առանձնահատկություններին, տեղեկատվական հոսքերի կառավարման մեխանիզմներին, տեղեկատվական պատերազմներին առնչվող օրախնդիր հարցեր էին, որոնց պետք է տիրապետեն նաև հասարակության բոլոր շերտերը:

ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ տարվող կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը Արցախում ռազմական լրատվության պատրաստման և մատուցման գործում բավականին շատ անելիքներ է տեսնում, բայց և չի ժխտում արցախյան լրագրողների գրագիտությունը, որը դրսևորվել է հատկապես Ապրիլյան պատերազմի օրերին:

Մեջբերելով Նապոլեոնի այն խոսքերը, որ երեք ռազմական լրագրող կարող է անել ավելին, քան հազար զինվորը բաց դաշտում՝ Ս. Հասրաթյանը առանձնացրել է  նաև հարաբերական խաղաղության և պատերազմական պայմաններում լրագրողների կողմից թույլ տված սխալները:

«Ռազմական լրագրությունն այն ոլորտն է, որտեղ ժողովրդավարությունը պիտի ավարտվի զորամասի ցանկապատից այս կողմ: Հատկապես պատերազմական իրավիճակում՝ ինֆորմացիոն հոսքը հաճախ կարող է «աշխատել» ի վնաս սեփական երկրի՝ խուճապ առաջացնելով քաղաքացիական հասարակության շրջանում: Ուստի լրատվությունը հաճախ պետք է ենթարկվի գրաքննության»,- համոզված է  ոլորտի պատասխանատուն:

Այս կապակցությամբ 1990-ականներին առաջնագծում լրագրողական գործունեություն ծավալած ներկայիս պատգամավորներ  Վարդգես Բաղրյանն ու Վարդգես Ուլուբաբյանն այն կարծիքն են հայտնում, թե հեղինակն ինքը պիտի լինի իր առաջին գրաքննադատը և գիտակցի թողարկվող ինֆորմացիայի հետևանքները:

«Այն տարիներին, -ասում է Վ. Բաղրյանը,- ռազմական լրագրություն հասկացություն, որպես այդպիսին, գոյություն չուներ: Կար պատերազմ և մենք կռվում էինք. ոմանք ՝ զենքով, մենք՝ տեսախցիկով, խոսափողով և գրչով»:

Պաշտպանության բանակի «Մարտիկ» պաշտոնաթերթի խմբագիր Սուրեն Սարումյանը ռազմական լրագրողի համար առանձնացնում է մի քանի կարևոր հմտություններ՝ մասնագիտական գիտելիքներ, արտակարգ պայմաններում աշխատելու կարողություն և ռազմական գաղտնիքի հետ աշխատելու ունակություն:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանն անդրադարձել է իրենց կողմից մշակված ինֆորմացիայի հետ վարվելու քաղաքականությանը:

«Հատկապես Ապրիլյան պատերազմի օրերին Հանրային հեռուստաընկերության ողջ անձնակազմը, համագործակցելով ՊՆ համապատասխան կառույցի հետ, կարողացել է ճշգրիտ ինֆորմացիա տարածել ոչ միայն մարտական գործողությունների վերաբերյալ, այլև ռեպորտաժներ պատրաստել առաջնագծում կանգնած զինվորի և երկրի տարբեր հատվածներում ապրող մարդկանց մասին, ինչպես նաև ճիշտ ժամանակին հակադարձել հակառակորդի լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությանը»,- ասել է Ն. Գասպարյանը:

Ժուռնալիստների միության  նախագահ Կիմ Գաբրիելյանը խոսել է ապատեղեկատվության՝ որպես նպատակային քարոզչության կարևոր գործիքի կիրառության մասին: Վաստակավոր լրագրողը նշել է, որ այս հնարքին հաճախ դիմում է ադրբեջանական քարոզչությունը՝ նպատակ ունենալով հաղթանակ տանել հոգեբանական պատերազմում:

«Այսպիսի միջոցներ պարբերաբար կիրառում է նաև մեր երկրի գերատեսչությունը՝ գրեթե նույն նպատակով: Եվ այստեղ արդեն կարևորվում է տեղի լրատվամիջոցների և լրագրողների գործունեությունը՝ հատկապես արձագանքի առումով»,- ասել է Կ. Գաբրիելյանը:

Քննարկված հարցերի վերաբերյալ արված դիտարկումներից և կարծիքների փոխանակումից բացի, ուսանողները հարցեր են ուղղել հյուրերին և հանդես եկել առաջարկություններով: