Արցախի պետական համալսարան

 

IMG 4785   IMG 4970

IMG 4945   IMG 5032

Արցախում գտնվող «Ավրորա 2016» մրցանակաբաշխության դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն մայիսի 23-ին հյուրընկալվել էր Արցախի մայր բուհում:

Մարգարիտ Բարանկիցեին և նրա հետ Արցախ ժամանած պատվիրակությանն ուղեկցում էին ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել Մ. Բարանկիցեին իր մարդասիրական գործունեության և Արցախ ժամանելու համար, ապա ներկայացրել նրա գործունեության մանրամասները:

«Մարգարիտ Բարանկիցեի կյանքը մարդկանց օգնելու ոդիսական է,- բնորոշում է Մ. Մինասյանը և ավելացնում,-մեծ հումանիստն իր մարդասիրական գործունեությամբ փրկել է ավելի քան երեսուն հազար երեխայի կյանք, իր իսկ կողմից հիմնադրված հիվանդանոցում՝ հազարավոր կյանքեր: Այդպիսի մարդիկ լույս, հավատ և սեր են սփռում իրենց շուրջը: Նման մարդկանց հետ շփումներն առաջին հերթին յուրահատուկ դաս են մեզ բոլորիս և հատկապես ուսանողության համար»:

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանը ևս շնորհակալություն է հայտնել «Ավրորա 2016» մրցանակաբաշխության դափնեկրին Արցախ կատարած այցելության համար՝ ավելացնելով, որ արցախցիները լավ գիտեն`  ինչ է նշանակում հուսահատին ձեռք մեկնել:

Խոսելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին՝ նախարարը նշել է.  «Այսպիսին պիտի լիներ մեր պատասխանը ցեղասպանությունից հետո: Ուրիշ ով, եթե ոչ հայը, կարող է գիտակցել հումանիզմի դերն ու նշանակությունը: Իսկ այսօր դահլիճում այն սերունդն է, որ ոչ միայն չի թողել իր երկիրը, այլև ամուր կառչել  է հողին ու կերտում է իր երկրի ապագան»:

«Ավրորա»-ի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, անդրադառնալով իր գործունեությանը, նշել է, որ իր կյանքում մեծ դերակատարություն է ունեցել մայրը, ով դստերը խորհուրդ է տվել  «մոմ լինել խավարի մեջ»: Եվ Մարգարիտը լույս եղավ:

 Իր գործունեությունը սկսելով տասնվեց տարեկանից՝ նա սկսեց որդեգրել անօթևան մանուկների: Հետո նախաձեռնեց կենտրոն բացել, որտեղ նրանք կրթություն կստանային:

«Կրթությունն աշխարհը փոխելու միակ զենքն է,- նկատում է Մ. Բարանկիցեն,- իսկ «Ավրորա»-ն հնարավորություն տվեց աշխարհի տարբեր ծայրերում ապրող երիտասարդներին կերտել ոչ միայն սեփական ապագան, այլև սեփական երկրի ապագան: Համոզված եմ՝ նույն տրամաբանությամբ Արցախի ապագան կերտելու եք դուք՝ երիտասրդներդ»:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարներից Արման Ջիլավյանը ներկայացրել է «Ավրորա»-ի գաղափարի ծագման և նրա գործունեության հիմնական ուղղությունները, որոնք առավելապես կապված են Հայոց ցեղասպանության հետ:

«Մենք շատ ենք խոսում ցեղասպանության զոհերի մասին, ամենատարբեր մակարդակներով դատապարտում և հատուցում պահանջում: Սակայն, դժբախտաբար, ոչ ոք չի խոսում ցեղասպանությունից փրկվածների մասին: «Ավրորա»-ն գործով իր շնորհակալությունն է հայտնում ամբողջ աշխարհում մարդասիրական գործունեություն իրականացնող անհատներին և կազմակերպություններին»,- ասել է նա:

Հանդիպման վերջում ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը Մարգարիտ Բարանկիցեին խորհրդանշական հուշանվերներ, գրքեր և ծաղիկներ է նվիրել: