ԱՅՆ, ԻՆՉ ՉԻ ՈՒՍՈՒՑԱՆՎՈՒՄ ԴԱՍԱՊՐՈՑԵՍՈՒՄ, ՈՒՍԱՆՈՂԸ ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՇՓՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

25.05

2017

 

DSC 1724   DSC 1696

ԱրՊՀ-ում կազմակերպվող միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ օրերս զրուցել ենք ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր, հոգեբ. գիտ.  թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանի հետ։

Նրա խոսքով՝ ԱրՊՀ-ում կազմակերպվող միջոցառումների նպատակն  այն է , որ ինչ  չի ուսուցանվում դասապրոցեսում, ուսանողը ձեռք բերի  կազմակերպվող միջոցառումների, շփումների  ժամանակ։ ԱրՊՀ-ում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց ուսանողները մասնակցում են սիրով և մեծ ընդգրկվածությամբ:

«Համալսարանում և համալսարանից դուրս մեր ուսանողների մասնակցությամբ կազմակերպում ենք տարաբնույթ միջոցառումներ, որոնցից է՝  եռատոնի նախօրեին  Վերածննդի հրապարակում տեղի ունեցած  մեր ուսանողների պարային ֆլեշ-մոբը։ Դրանից բացի, այդ օրերին միջոցառումների մի երկար շղթա ենք նախապատրաստել և ներկայացրել հասարակությանը: Առանձնահատուկ էր Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման օրվա առթիվ  ՊԲ հրամանատարի այցը  համալսարան և նրա վարած արիության դասը, ինչպես նաև կրթության, գիտության և սպորտի նախարարի վարած դասը»- մանրամասնել է Վ. Յարամիշյանը։

Վ. Յարամիշյանը բարձր է գնահատում ուսանողների մասնակցությունն ու ակտիվությունը համալսարանական կյանքում։ «Իմ կարծիքովեթե տոնը ընկալվում է ուսանողների կողմից  որպես իրենց կյանքի նշանակալի իրադարձություն, ապա սիրով մասնակցում են միջոցառումներին։ Ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուր  ուսանող համալսարանում իրեն զգա լիարժեք անդամ և մասնակցի նրա ներքին գործընթացների կառավարմանը»,-ասաց նա։

Համալսարանում ուսանողներն ունեն իրենց ինքնավար կառույցները՝  ուսանողական խորհուրդ, գիտական ընկերություն, ինչպես նաև ներգրավված են համալսարանական խորհրդի և գիտխորհրդի կազմում։Պրոռեկտորի կարծիքով՝  յուրաքանչյուր ուսանող համալսարանում պետք է ինքնադրսևորման հարթակ գտնի իր համար, որովհետև բոլորի նախասիրությունները նույնը չեն. ոմանք ձգտում են գիտական գործունեության մեջ իրենց դրսևորել, ոմանք` մշակութային, ժամանցային կամ սպորտային միջոցառումներին մասնակցել։ Նրա խոսքով, բոլոր ֆակուլտետների ուսանողներն ակտիվ մասնակցում են ուսանողական կյանքին:

«Եթե մի ուսանող երկու անգամ է մասնակցել  մի միջոցառմանը և տվյալ պահին ակտիվ է եղել, ապա դա չի նշանակում, որ մյուսը նրան զիջում է իր դիրքորոշումներով ու մտահղացումներով։ Բոլորն էլ իրենց  ակտիվորեն են դրսևորում, նայած ինչ  կարգի միջոցառում է կազմակերպվում։ Օրինակ, տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները մեծ սիրով մասնակցում են հանրային միջոցառումներին, որոնք ենթադրում են արտահամալսարանական ակտիվություն, իսկ բանասիրական ֆալուլտետի, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ուսանողները մեծ  խանդավառությամբ մասնակցում են մշակութային միջոցառումներին: Բնագիտական ֆակուլտետում կան ուսանողներ, ովքեր ներգրավված են հանրօգուտ աշխատանքներում։ Նաև բնագիտական և տնտեսագիտական ֆալուլտետների ուսանողների մասնակցությամբ իրականացնում ենք ռազմական դասընթացներ։

Կարծում եմ, որ եթե մեզ հաջողվի ուսանողների կազմակերպվածության աստիճանն ավելի բարձրացնել, ապա մեր համալսարանն իսկապես լիարժեք կկատարի իր առջև դրված խնդիրը` այն է՝  թողարկել տնտեսության համար լիարժեք պատրաստված մասնագետներ»,-ավելացրել է նա։

Վ. Յարամիշյանը վերջում ավելացրեց, որ շատ  բան հենց ուսանողից է կախված, իսկ  համալսարանի ղեկավարությունը  նախևառաջ փորձում է լիարժեք ուսումնասիրել ուսանողի տեսակետներն ու կարծիքները։

 

Զրույցը վարեց Աննա Պետրոսյանը, լրագրություն 1-ին կուրս

Լուսանկարները՝ Անի Ավանեսյանի, լրագրություն 3-րդ կուրս

Обновлено 25.05.2017 13:24