ԴԱՏԱԽԱՂ՝ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԹԵՄԱՅՈՎ

26.05

2017

 

IMG 5265   IMG 5299

IMG 5327   IMG 5276

Մայիսի 25-ին ԱրՊՀ իրավունքի ամբիոնի ավագ դասախոս, ի.գ.թ., ԱՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Անատոլի Թադևոսյանի նախաձեռնությամբ ժառանգության իրավունքի թեմայով կազմակերպվել էր դատախաղ:

Միջոցառմանը ներկա էին դատական համակարգի, դատախազության, Փաստաբանական պալատի ներկայացուցիչներ, իրավունքի ամբիոնի դասախոսներ, ուսանողներ:

Դատավարության մասնակից ուսանողներին հաջողվել էր գրագետ ներկայացնել մասնագիտական գիտելիքներն ու  հտությունները: Նշենք, որ դատախաղին ընգրկված էին իրավագիտություն մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները:

Դատախաղի կազմակերպիչն ընդհանուր առմամբ գոհ է ուսանողների կողմից դատավարության ներկայացման մակարդակից, սակայն գնահատականներ տալուց զերծ է մնում՝ այն վերապահելով գործընկերներին:

«Իմ կարծիքով, դատախաղը կայացած կարելի է համարել այն առումով, որ մեզ հաջողվել է հասնել մեր առջև դրված նպատակին. այն է՝ ուսանողների տեսական գիտելիքների կիրառությունը գործնականում և դատավարության կանոններին տիրապետելը»,- նշել է Ա. Թադևոսյանը:

Ռեկտոր Մանուշ Մինասյանը ևս գոհունակություն է հայտնել դատախաղի վերաբերյալ, շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին և մասնակիցներին՝ հորդորելով գործնական նշանակության միջոցառումների որակին զուգահեռ ապահովել նաև քանակ. «Այսպիսի միջոցառումները ուսանողների՝ իրավունքի ոլորտում գործունեություն ծավալող ապագա մասնագետների առաջին քայլերն են, որով միաժամանակ  բացահայտվում է նրանց պոտենցիալը»:

 «Թերություններ, բնական է, կային,- ասում է  իրավունքի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Գրետա Արզումանյանը: Սակայն միջոցառման գաղափարը, ուսանողների վստահ և հստակ ելույթները թույլ են տալիս ասելու, որ նրանք, իբրև դատավարության մասնակիցներ, տեսականի և գործնականի համադրման առումով լիովին արդարացրել են իրենց և իրենց հետ աշխատող մասնագետների աշխատանքը»: