ԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄԻՏԱՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

30.05

2017

 

IMG 5357   IMG 5395

IMG 5374   IMG 5397

Մայիսի 30-ին ակադեմիկոս Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սիլվա Մինասյանի նախաձեռնությամբ կազմակերպված գիտական ընթերցումները նվիրված էին զոհված ազատամարտիկ-բանաստեղծ Կոմիտաս Հակոբյանի ծննդյան 45-ամյակին:

 

Միջոցառմանը հրավիրված էին Կ. Հակոբյանի մայրը, հարազատներ, մտերիմներ, հայոց լեզվի ամբիոնի դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:

Հայոց լեզու և հայ գրականություն մասնագիտության մագիստրանտները բազմակողմանի վերլուծության են ենթարկել Կ. Հակոբյանի ստեղծագործությունները՝ հերթական անգամ արժևորելով հեղինակի գեղարվեստական ժառանգությունը:

Ուսանողները ներկայացրել են Կ. Հակոբյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, գեղարվեստական առանձնահատկություններն ու արժանիքները, խոսքարվեստը, առանձնացրել հեղինակին հատուկ պատկերավորման և արտահայտչական միջոցները:

Հեղինակի մայրը՝ Սեդա Հակոբյանը, շնորհակալություն է հայտնել ԱրՊՀ դասախոսական և ուսանողական կազմին` նախաձեռնության, ուշադրության և բարոյական աջակցության համար, ապա՝ ասմունքել որդուն նվիրված իր բանաստեղծություններից մեկը:

Հիշեցնենք, որ Կոմիտաս Հակոբյանը ծնվել է 1972թ. հունիսի 1-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Քերթ գյուղում` մտավորականի ընտանիքում: 1989-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի (այժմ Արցախի պետական համալսարան) բանասիրական ֆակուլտետ:

Մինչև կանոնավոր բանակի կազմավորումը Կ. Հակոբյանը կամավոր մասնակցել է պաշտպանական և ազատագրական մի շարք մարտերի: Զոհվել է 1994թ. մայիսի 5-ին, Կարմիրավան գյուղի ազատագրական մարտում: Հետմահու պարգևատրվել է Արցախի «Արիության համար» մեդալով: