Արցախի պետական համալսարան

 

18766758   18768357

1888003   187391

Մայիսի 29-ից 30-ը ԱրՊՀ մի խումբ ուսանողներ մասնակցել են  Երևանի Հյուսիսային համալսարանում կազմակերպված ուսանողական միջբուհական գիտաժողովին, որի ընթացքում երկու համալսարանների ուսանողական կառույցների պատասխանատուները կնքել են համագործակցության հուշագիր:

ԱրՊՀ և ԵՀՀ համատեղ նախաձեռնությամբ ԵՀՀ-ում  մայիսյան եռատոնին նվիրված «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զարգացման արդի հիմնախնդիրները» թեմայով կազմակերպված գիտաժողովին մասնակցել են ԱրՊՀ մի խումբ ուսանողներ և հանդես եկել զեկուցումներով:

Գիտաժողովի լիագումար նիստին ներկա են եղել ՀՀ ԿԳ նախարարության պատասխանատուներ, ԵՀՀ ղեկավար կազմը, դասախոսներ, ուսանողներ: Ողջույնի խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ՈւԽ նախագահ Մարիամ Ծատրյանը, ով ԱրՊՀ ղեկավարության անունից բեղմնավոր աշխատանք է մաղթել գիտաժողովի մասնակիցներին և կարևորել համագործակցային ծրագրերի իրականացումը համահայկական կրթական դաշտի բոլոր բուհերի հետ:

«Համագործակցության լավագույն ձևերից մեկը գիտաժողովների կազմակերպումն է:  Այսօր մենք մեր առջև խնդիր ենք դրել համագործակցային հարաբերությունների շրջանակներում առնչվել հատկապես գիտական մակարդակում, ուստի այս միջոցառումը նույնպես համահունչ է մեր ծրագրերին ու պատկերացումներին»,- նշել է նա:

«Բանկային վարկի դերը ԼՂՀ տնտեսության զարգացման գործում» զեկուցումով հանդես է եկել ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ  3-րդ կուրսի ուսանողուհի Ալինե Հարությունյանը /ղեկավար` ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյան/:

Գործուղման ընթացքում ԱրՊՀ և ԵՀՀ Ուսանողական խորհուրդների միջև ստորագրվել է  հուշագիր, որի նպատակն է  նպաստել կողմերի միջև փորձի փոխանակմանը, համատեղ գիտական, կրթական, մշակութային ծրագրերի կազմակերպմանն ու իրականացմանը:

Հիշեցնենք, որ Արցախի պետական համալսարանի և Երևանի Հյուսիսային համալսարանի համագործակցության առաջին քայլերն արվել են ապրիլ ամսին՝ ԵՀՀ Ուսանողական խորհրդի պատվիրակության արցախյան այցով: