ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ

05.06

2017

 

IMG 5840   IMG 5909

IMG 5839   IMG 5956

Գրականության և լրագրության ամբիոնի նախաձեռնությամբ հունիսի 5-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել էր ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ռազմական վերլուծաբան-փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Հանդիպման սկզբում ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը շնորհակալություն է հայտնել ամբիոնին` նախաձեռնության, իսկ Ա. Հովհաննիսյանին՝ հրավերն ընդունելու և համալսարանականների հետ հանդիպելու համար, ապա համալսարանի ղեկավարության անունից նրան նվիրել համալսարանի մանրակերտն ու Ա. Սարգսյանի աշխատություններից մեկը:

Պրոռեկտորը ներկայացրել և կարևորել է Ա. Հովհաննիսյանի գործունեությունը՝ հայկական ռազմական լրատվադաշտի համակարգման և ուղղորդման համատեքստում:

Ա. Հովհաննիսյանը ուսանողների հետ կիսվել է ռազմական լրագրության ոլորտում ունեցած իր փորձառությամբ: Ռազմական տեսաբան-փորձագետը ներկայացրել է տեղեկատվության վերաբերյալ իր պատկերացումները և 21-րդ դարի՝ տեղեկատվության նկատմամբ ունեցած պահանջները:

Ա. Հովհաննիսյանը տեղեկատվությունը դիտարկում է որպես ռազմավարություն: Նրա խոսքով, եթե ադրբեջանական կողմն այն ծառայեցնում է բացառապես սեփական կորուստների ու ճգնաժամային  իրավիճակների կոծկման համար, ապա հայկական կողմի համար այն առավելապես հանրությանը տեղեկացված պահելու գործառույթ է իրականացնում, ինչի մասին վկայում են ՊՆ պաշտոնական կայքէջը, լրատավամիջոցներում ՊՆ ներկայացվածությունն ու պատասխանատուների` սոցցանցերում ցուցաբերած տեղեկատվական ակտիվությունը:

Ինչ վերաբերում է ինֆորմացիոն անցանկալի հոսքերին, ապա, փորձագետի կարծիքով, այն ավելի շատ ոչ գրագետ մոտեցման հետևանք է և այդ ուղղությամբ  ՊՆ-ն հետևողական աշխատանքներ է իրականացնում. «Տևական ժամանակ է, ինչ ՊՆ-ն ռազմական լրագրողների պատրաստման դասընթացներ, սեմինարներ, հավաքներ է կազմակերպում՝ չսահմանափակվելով միայն տեսական պարապմունքներով, այլև շեշտը դնելով գործնականի վրա: Միայն այսպիսի միջոցառումներով մենք կարող ենք կրթել ռազմական ոլորտի լրագրողներին՝ այդպիսով ուղղորդելով նաև նրանց գործունեությունը ոչ միայն արտակարգ իրավիճակներում, այլև խաղաղ պայմաններում»:

«Կիրթ ռազմական լրագրողը,- նկատում է Ա. Հովհաննիսյանը, առաջնագծից կարող է վերադառնալ հարուստ և ազգային անվտանգության հայեցակարգին չհակասող ինֆորմացիայով, բայց և արձանագրել թերություններ, որոնք երբեք չի մասսայականացնի: Մեր հզորությունը, մեր ժողովրդի հարատևության գաղտնիքը առաջին հերթին մեր կրթության մեջ է: Լուսավորված և կրթված տեսակը մեր ամենաուժեղ զենքն է»:

Հանդիպման ընթացքում ուսանողները հանդես են եկել հարցադրումներով և առաջարկություններով, ծավալվել է քննարկում: