ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 26-ից 28-ը Ծաղկաձորում կազմակերպված «Level-up» միջազգային ուսանողական գիտաժողովին մասնակցել են նաև ԱրՊՀ ուսանողներ:
Գիտաժողովին մասնակցում էին ուսանողներ Կոլումբիայից, Հնդկաստանից, Ռումինիայից, Սիրիայից, Վրաստանից, ՀՀ-ից և ԼՂՀ-ից: 200 դիմորդ-ուսանողներից ընտրվել են 7 երկրի 15 բուհերի 100 ուսանողներ, որոնց թվում էին ԱրՊՀ երկու ուսանողները:
Տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Նինա Բալայանը գիտաժողովում հանդես է եկել «ԼՂՀ հիփոթեքային վարկավորման վերլուծություն» թեմայով զեկուցումով (ղեկավար՝ տ.գ.թ., դոցենտ Ն. Ավանեսյան):
Ն. Բալայանը, ով երկրորդ տարին է մասնակցում «Level-up» գիտաժողովին, կարևորում է ոչ միայն միջհամալսարանական գիտական շփումները, այլև փորձառու մասնագետների և օտարերկրյա ուսանողների մասնակցությամբ կազմակերպվող սեմինար-քննարկումները, օտար լեզվով վարպետության դասերն ու հանդիպումները ոլորտի պատասխանատուների հետ:
«Level-up»-ը տարբերվում է նրանով, որ չի սահմանափակվում միայն գիտական զեկուցումներով: Այն ավելի շատ դպրոց է, քան գիտական հանդիպում: Եռօրյա հագեցած ծրագիրը հնարավորություն է տալիս շփվել տնտեսագիտության և տնտեսության ոլորտի առաջատար մասնագետների հետ, նրանց հետ քննարկել ամենատարբեր խնդիրներ, տեղեկանալ ոլորտի վերջին նորություններին»,- նշումէ Ն. Բալայանը:
Նշենք, որ գիտաժողովում զեկուցումով հանդես եկած մասնակիցները ստացել են հավաստագրեր և գիտաժողովի նյութերն ամփոփող ժողովածու: