Արցախի պետական համալսարան

 

IMG 6322   IMG 6378

IMG 6298   IMG 6401

Հունիսի 7-ին ԱրՊՀ մեծ դահլիճում կայացել է ուսանողական համագումար, որի նպատակն է ամփոփել Ուսանողական խորհրդի հաշվետու ուսումնական տարվա գործունեությունը և նախանշել հաջորդ  տարվա անելիքները:

Համագումարին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պրոռեկտորներ, դեկաններ, ստորաբաժանումների ղեկավարներ, ՈւԽ նախագահներ և անդամներ, պատվիրակներ:

ԱրՊՀ ՈւԽ նախագահ Մարիամ Ծատրյանը հանդես է եկել հաշվետվությամբ, որի ընթացքում ներկայացրել է 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում ուսանողական խորհրդի կատարած աշխատանքները, նշել նաև թերացումներն ու դրանք վերացնելու վերաբերյալ հանդես եկել առաջարկություններով:

«ՈւԽ-ն իր գործունեությունը ծավալել է 3 հիմնական ռազմավարական ուղղություններով՝ ուսանողների  կրթականգիտական, ստեղծագործական  կյանքը  և ազատ ժամանցը բովանդակալից անցկացնելու նպատակով մշակութային և ժամանցային  միջոցառումների արդյունավետ կազմակերպում, համահամալսարանական և պետական նշանակության միջոցառումներին  ուսանողության ակտիվ մասնակցության ապահովում»,- նշելով ՈւԽ գործունեության հիմնական շեշտադրումները՝  նշել է  Մ. Ծատրյանը:

Հաշվետվությամբ հանդես են եկել նաև ՈւԽ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Մարիամ Մխիթարյանը, ֆակուլտետային ուսանողական խորհուրդների նախագահներըուսանողական խորհրդում ընդգրկված մի խումբ ուսանողներ:

Ուսանողական խորհրդի  հաշվետու տարվա գործունեության հաշվետվության վերաբերյալ ելույթով հանդես են եկել նաև ռեկտոր Մ. Մինասյանն ու ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, ովքեր կարևորել են ուսանողական ինքնավար մարմինների գործունեությունը համալսարանական կյանքում և ընդգծել ՈւԽ ձեռքբերումներն ու թերությունները:

«Նախորդ տարիների համեմատ որոշ ուղղություններով նկատելի են շոշափելի ձեռքբերումներ,- գնահատում է ռեկտորը և թվարկում դրանք,- գիտության նկատմամբ մոտեցումների փոփոխություն, մշակութաժամանցային միջոցառումների քանակական և որակական դինամիկա, կազմակերպչական և կարգապահական դրական տեղաշարժ և այլն»:

Մ. Մինասյանը, սակայն, ընդգծեց նաև ՈւԽ պասսիվությունը ուսումնական գործընթացի բարելավման և նախաձեռնողականության առումներով՝ հորդորելով թոթափել իներտությունն ու ակտիվ մասնակցություն ունենալ բուհում առկա խնդիրների վերհանման և դրանց վերացման ուղղությամբ:

ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, ընդհանուր առմամբ, գոհ է ուսանողական ինքնավար կառույցների համակողմանի գործունեությունից: Նրա կարծիքով, Ուսանողական խորհրդի ամենամեծ ձեռքբերումը վստահությունն է կառույցի և նրա անդամների նկատմամբ:

«ՈւԽ արդյունավետ գործունեության հիմքում ընկած է կառույցի և նրա անդամների նկատմամբ վստահությունը համալսարանում և համալսարանից դուրս: Նպատակային ջանքերի շնորհիվ կառույցի նկատմամբ ձևավորվել է դրական վերաբերմունք և հեղինակություն, որն ապահովվել է առավելապես հանրապետական տարբեր նախագծերում ձեռք բերված հաջողությունների և հաղթանակների շնորհիվ»,- հավելել է պրոռեկտորը: