Արցախի պետական համալսարան

 

araqs

Հազար տարվա իրիկուն էր՝ շոգ ամռան գեղեցիկ, մի տեսակ տարբերվող, չկրկնվող իրիկուն: Հազար տարվա բակում էլի նույն տարիքի թթի ծառը շոգ օրվան մի օր էլ էր դիմացել...Սիրուն էր թթենին: Սեղանին դրված գրքի ծալված էջը, սովորականի պես այդ ժամին չուղղվեց, չկարդաց գիրքը. վաղ առավոտյան գնալու էր ու չգիտեր` երբ կվերադառնա, իսկ գիրքը կսպասեր, ու կսպասեին բոլորը, ախր նույն բոլորն ասել էին, որ «նման հնարավորություն էլ չի լինելու»: Ուսումը արտասահմանում շարունակել իր բոլոր կուրսեցիներն էին երազում, ու թվում էր` ինքն էլ...Հետո կգար, անպայման կվերադառնար:

            Վաղ առավոտյան մի ճապրուկ սահեց հազար տարվա բակով...Սիրուն էր թթենին: Վաղառավոտյան ամառն էլ էր սիրուն ու էլի տարբերվող, ուրիշ էր, հարազատ էր:

Ինքնաթիռը բարձրանում էր ու թվում էր, թե հեռացումը այնքան էլ սարսափելի չէ, ամեն ինչ կարգին էր, լավ մասնագետ դառնալ էր պետք, հետո էլ վերադառնալ, աշխատել, հայրենիքում, իսկ ինքն ու հայրենիքը հավասարապես զգում էին միմյանց կարիքը:

Օրերը անցնում էին, երբեմն դանդաղ, ձանձրալի, երբեմն չափազանց արագ ու կարոտելու համար միայն գիշերն էր ժամանակ լինում: Երբեմն օդը կանգ էր առնում, օտարանում էր ամեն ինչ, միանգամից, տանջող, խենթանալու աստիճան  տխրությունը չէր թողնում մտածել...Հետո լուսանում էր, ու մտքերը պետք էր կարգի բերել, որ հետո՝ շատ հետո վերադարձի ճանապարհին շատ բան լիներ տանելու, որ հեռավորությունը արդարացվեր ու ինքը բաց ճակատով վերադառնար:

Օրերը շաբաթներ էին դառնում, ինքը շարունակում էր աճել, բարձրանալ, իրեն արդեն շատերը ճանաչում ու սիրում էին: Սովորելու 3-րդ տարում լավագույնը ճանաչվեց մի հեղինակավոր մրցույթում ու  աշխատանքի հրավիրեցին ու ինքը հիշեց, որ իրեն սպասող «բոլորը» ասել էին, որ նման հնարավորություն էլ չի լինի: Ուրեմն այդպես էր պետք, իսկ հետո վերադառնալու էր, անպայման մի օր վերադառնալու էր...

Ամիսները տարիներ էին դառնում...Հեռու քաղաքի զգեստապահարանում վաղուց ուներ այն զգեստները, որոնց մասին երազում էր, ուներ աշխատանք, որի մասին էլի երազել կարելի էր, ամեն ինչ ուներ... Մի քանի տարի էլ անցավ ու որոշեց ամռանը կարճ ժամանակով հայրենիք վերադառնալ, վերադառնալ ժամանակավոր, որովհետև արդեն աշխատանք ուներ, իր կարիքը զգում էին, իրեն վստահում էին, վարձատրում էին...Ամռանը վերադառնալ չստացվեց, հաջորդ ամռանը նույնպես: Ժամանակն արդեն ոչ թե օրերով ու շաբաթներով, այլ տարիներով կարելի էր հաշվել: Ինքը լավ, հմուտ մասնագետ էր դարձել, ինքն ու հայրենիքը, թվում էր, առաջվա պես իրար կարիք հավասարապես չէին զգում...Հայրենիքը սպասում էր, « բոլորը» սպասում էին...

            Հազար տարվա իրիկուն էր՝ շոգ ամռան սիրուն, մի տեսակ տարբերվող, չկրկնվող իրիկուն: Հազար տարվա բակում էլի նույն տարիքի թթի ծառը շոգ օրվան մի օր էլ էր դիմացել...Սիրուն էր թթենին: Սեղանին դրված գրքի ծալված էջը, սովորականի պես այդ ժամին չուղղվեց ու չէր ուղղվելու...

Արաքսյա ՄԻՐԶՈՅԱՆ

Լրագր.1-ին կուրս