Արցախի պետական համալսարան

 

Հայասեր Հովսեփյան

 

ԳԵՂԵՑԻԿ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ (Սահմանապահ զինվորի մտորումներ)

 

Ձյուն է գալիս…

Ձյուն է գալիս լեռների, դաշտերի, ճանապարհների վրա, ամենուրեք…

 Ձյուն է գալիս նաև խրամատի մեջ:

Փաթիլ-փաթիլ իջնում է սաղավարտիս, ուսերիս, զենքիս վրա:

Ոտքերս սառչում են թաց խրամատի մեջ, իսկ ցուրտը, որպես կոտրված ապակու բեկոր, կտրում անցնում է մարմնիս միջով:

Բայց ես անընդհատ մոռանում եմ ցրտի մասին, որովհետև երկնքից համատարած գեղեցկություն է թափվում աշխարհի վրա, անգամ սահմանից այն կողմ՝ թշնամու հողին:

 Եվ գեղեցիկ է լռությունը, այս համատարած ձյունաբույր լռությունը, երբ կրակոց չկա, չկա տագնապ:

Իսկ լռությունն այստեղ խաղաղության հոմանիշն է:

 Ու ձյունը իջնում է որպես գեղեցկություն, որպես խաղաղություն՝ առաքված Աստծուց:

Եվ ուրեմն այս վտանգավոր խրամատներից շատ հեռու գյուղերում ու քաղաքներում երեխաները ձյունագնդի կխաղան, ձնեմարդ կպատրաստեն:

Իսկ փողոցներում ու բակերում խաղաղությունը ժպտերես, որպես արև, կճառագի մանուկների ուրախ աչքերից և կլուսավորի մարդկանց անժպիտ երեսները:

 Լուռ է ամեն ինչ:

Եվ լռության մեջ ձյան փաթիլներն, ասես, խաղաղության աղավնիներ են, որ դանդաղ, մանրաթև իջնում են լեռներին, դաշտերին, խրամատներին, իմ սաղավարտին, ուսերին ու զենքին…

Գեղեցիկ է առավել այն գեղեցկությունը, որ խաղաղություն է կոչվում…

 

Նարինե Բալայան

 

Ներշնչանք

 

Դա տեղի ունեցավ ուղիղ ժամը կեսգիշերին:

Ես շնչառությունն էի լսում հեռավոր գրքերի.

«Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի~ն»

մեկը գալիս էր `հագուստները բաժանելով

քաղաքի սառցակալած տանիքներին:

Սեղանից, ծառից,

,հրեշտակների ներկայությունից,

  քամու մեջ խոտի անիմաստ զեղումի նման,

կնոջ գիշերազգեստից…

Ի սեր Աստծո, դու մե~րկ էիր

Լավագույն բանաստեղծությունը,

                         որ ես երբևէ չեմ գրի,,,

լավագույն բանաստեղծությունը,

                        որ երբևէ չէր ցանկանա գրվել...

Հավիտենական տանջանքների նման,

Ինչպես չզոհաբերված պատմությունը իմ

      Առաջին սիրո:

Օտար հարազատություն,

                  առանց հնազանդության

և  պայքարող քնքշության գրավչություն

   Ի վերջո  մեռնող երազի գիշեր,

 կտուրի տակ հենց այնպես վազվզող

             մկնախմբի խաղ:

Ինչ-որ մեկը  հիշում է բոլոր դեմքերը

 պատահական անցորդների`

հատելով մոտավոր լռությունը  բառերի:

  Դռներից, «Խոտից»,

Աստծո անանուն որդիներից,

 Կնոջ մատներից…

Քո բարեկամության համար

     Պետք է մերկանալ և անգամ մարմնից:

Ահա ողջ մարդիկ,

Գլուխները կախ, օրա ուսաբեռը թոթափած`

  սրտերում  առավել ծանրացաց բեռով,

Անցնում են  անտարբերի հայացքի առջևով

 Մայրամուտների:

  Աստծո և էության միջև

 

ՊՈԵԶԻԱ`

 

 Մի չափազանց երջանիկ րեպեի 61 րդ վայրկյանին:

 

 Փողոցն անցնող պատուհանից`

 

 երեխային հետևոող մոր զգայուն ժեստով,

 

 դեռ ապրում է տերևը`

 

լուսամիտից այն կողմ  հուշելով տողերը,

 

երբևէ չգրվող բանաստեղծության:

 

 Եվ գիտեմ ինչց է,

 

                 որ հետզհետե տխուր եմ դառնում,

 

և շնչառությունը սիրելի գրքերի,

 

                  որ հնչում է չափազանց մոտիկ.

 

«Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի~ն,

 

Բայց լույսն իմ հագվույս քիչ քիչ կմաշի…»

 

Բեգլարյան Արտակ

 

Հոգու փնտրտուք

 

Խռոված սրտիս չեմ հետապնդում,

 

տարաբախտ հոգուս տուն ետ չեմ կանչում,

 

ես չեմ որոնում միտքս մոլորված,

 

չեմ ապաքինում երազս հյուծված:

 

Էլ չեմ սավառնում լազուր երկնքում՝

 

թևերս պոկվել ու քեզ են փնտրում,

 

էլ չեմ երազում, երազ չեմ տեսնում՝

 

երազս փախչել ու քեզ է փնտրում,

 

նախկին ժպիտով էլ ես չեմ ժպտում,

 

ժպիտս կորել ու քեզ է փնտրում,

 

կարոտս արդեն բոլորին թողել,

 

Կռունկի թևով քեզ է որոնում,

 

ես լքյալիս հետ էլ հաշտ չեմ ապրում,

 

ինքս ինձ լքել ու քեզ եմ փնտրում:

 

Ես քեզ ու՞ր փնտրեմ, ո՞ր մի անկյունում,

 

արդյոք դրսում ես, թե՞ հոգուս ներսում,

 

ի՞նչ տեսքով ես դու, ի՞նչ անուն տամ քեզ,

 

ինձնից ի՞նչ զոհեմ, որ գտնեմ քեզ, վե՛ս:

 

գերող շրշյուն կա ծառի սաղարթում,

 

Գուցե այդ դու ես՝ հենց ինձ ես կանչում,

 

Անու՞նս հնչեց... ի՞նչ ես թոթովում,

 

Ի՜նչ խաբեություն՝ քամին է խաղում:

 

Լուսնի շողերում հուր եմ նշմարում,

 

Ալիքի վրա այդ դու՞ չես սահում,

 

Լուսնին պատկերում ծովի հայելում...

 

Ավա՜ղ... լուսինն է սեթևեթ խաղում:

 

Ամպերի միջից մեկն ինձ է ժպտում,

 

Որոնվող եր՛ազ, այդ դու՞ ես գերում,

 

Օ՜հ, աչքերդ թաց են... դու արտասվու՞մ ես,

 

Ինչու՞ ես լալիս, ահա այստեղ եմ, տե՛ս.

 

Ա՜խ, արտասվում ես, որ հոգիս մաքրե՞ս

 

Նրան ախտոտող կյանքի թափոնից.

 

Հիասթափությու՜ն՝ դու... դու... դու նա չե՞ս.

 

Ամպը լալիս է, լալիս է հոգիս:

 

Վանելով ինձնից հոգևոր դավեր,

 

Վիշտ ու խնդություն, երազ ու անուրջ,

 

վառելով հաճույք, «նյութական ցավեր»,

 

աշխարհին կապող ամեն մի կամուրջ,

 

վերցնելով ինձ հետ հույս, հավատ ու սեր՝

 

Քո հորձանուտն եմ հոգին իմ նետում,

 

Խելագար հույսով քեզ եմ որոնում,

 

Սուզվում եմ անհուն ընդերքը ծովի՝

 

Թերթելով էջերն ահեղ խութերի:

 

Բայց դու դեռ չկաս, չկաս ոչ մի տեղ,

 

Չկաս ոչ մի տեղ նյութեղեն երկրում,

 

Ծպտվու՞մ ես հոգուս անկյունում անմեղ՝

 

Առանց դուրս գալու եթերից անգույն:

 

Չկաս, ա՜խ, չկաս, բայց արդյոք կգա՞ս,

 

Կգա՞ս երբևէ այդ երազ երկրից

 

Դեպ շոշափելի երկիրը դու այս,

 

Կգտնե՞մ քեզ, վե՛ս, դուրս այդ եթերից:

 

Գառնիկ Ալեքսանյան

 

ՄԻ ՔԻՉ ԽՈՐԸ ՄՏԱԾԻՐ 
(ՄԻ ՀԻՄԱՐ ԱՂՋԻԿ)

 

Մի վիթխարի շենք, դու մի սենյակում
Պատմում ես,պատմում,թե ում ես տեսել
Վարսավիրանոցում՝ այսօր կեսօրին,
ՈՒ քո ականջին ինչ է նա ասել:

 

ՈՒ ինչ հրճվանքով, ինչ շարժումներով,
Ինչպես ես պատմում ու չափազանցնում,
Բայց ախր ինչու՞, դու գոնե գիտե՞ս
Կանայք են այդտեղ լոկ հերթի կանգնում:

 

Բայց իհարկե ոչ,ճակատագիրն էր,
Նրա գործն է, նա է դա արել,
Բայց ոչ,դու գիտե՞ս,որ նրա համար
Մի ծխախոտ ես , որ պետք է ծխել:

 

Ծխախոտ էլ չես, դրա տուփն ես,
Քեզ ուղեկցելիս, որը ճմռթել
Ձեր շենքի դիմաց աղբի դույլի մեջ
Վարպետորեն ուզում էր գցել:

 

Խնդրում եմ մի քիչ խորը մտածիր,
Վարսերդ մեկ-մեկ տանը հարդարիր,
Թե չէ ինձ ինչ կա, ես գոնե ուրախ եմ,
Որ այն դատարկ տուփը դույլի մեջ ընկավ