-Մամ…մամ...,-փոքրիկը, բարձրաձայն ծիծաղելով, վազում է դեղնավուն թիթեռնիկի հետևից: Քիչ հեռու նստարանին նստած երիտասարդ մայրիկն ուշադիր հետևում է փոքրիկ տղայի անսահման երջանիկ պահերին, ու ինքն էլ ծիծաղում իր մանկան վարակիչ ծիծաղով` սրտի տակ պահելով ևս մեկ ապագա արցախցու: Նրանցից քիչ հեռու, գարնանային գայթակղող արևի տակ նստած է մի ալեհեր ծերունի` ուշադիր հայացքով, սպիտակ, մեղմ քամուց մի քիչ քնձռնած մազերով, գլխին մի հնամաշ գլխարկ, բեղերը փոքր -ինչ դեղնած, երեսն էլ անխնա պատված տարիների թողած կնճիռներով:
Երևում է` նա հաճախ է այստեղ գալիս. արևի տակ երկար մնալուց դեմքը մգացել էր, դողացող աջը բռնած էր մի բարակ վրձին, ձախն էլ հենված էր նույն ծնկին: Վրձինն անընդհատ շարժվում էր, մեկ ներկերի մեջ էր թաթախվում, մեկ կտավի վրայով էր սահում: Ծերունու դեմքը րոպեում մի հարյուր անգամ փոխվում էր. մի պահ նայում եմ` աչքերն են ժպտում, հետո նայում եմ` բեղերի տակ քմծիծաղ է տալիս, մի անգամ էլ նայեցի` ձախի ցուցամատը դրել է վերին շուրթին ու մտածում է: Ալեհեր նկարիչը հաճախակի գլուխը բարձրացնում էր, մի քանի վայրկյան նայում հպարտ կանգնած «Տատիկ Պապիկին» ու նորից իր գործը շարունակում: Աշխարհի էլ որ մի երկրում, էլ որ մի քաղաքում են իրենց հյուրերին դիմավորում կանգնած, այն էլ` հպարտ կանգնած: Միայն Ստեփանակերտ մտնելիս կարող ես զգալ այդ հաճույքը` քեզ կարևորելու հաճույքը, քեզ ջերմորեն դիմավորելու հաճույքը և, վերջապես, սպասված լինելուդ հաճույքը: Էլ չեմ ասում, որ հարյուրավոր սարերի միջով երկար ճանապարհ անցնելուց հետո Ստեփանակերտը տատիկի` խնամքով պահած կոնֆետների մի փաթեթ է թվում, որ թոռնիկների գալուն պես գնում է` մի թաքուն տեղից հանելու: Իզուր չեն Ստեփանակերտ մտնողներին` լինի դա ամբողջ աշխարհով շրջած մի օտարերկրյա զբոսաշրջիկ, թե վաղուց իր հարազատ օջախում մի կտոր հաց չկերած, կարոտախտով տառապող արցախցի, դիմավորում մեր «Տատն ու Պապը»: Երևի նրա համար, որ մեր երիտասարդ Ստեփանակերտը հոգատար ու իր թոռներին միշտ սպասող տատիկի մարմնացում է:
Արևի շողերը այնքան սեղմ էին գրկում ծերունուն, որ արդեն քրտինքը ծլլում էր, ծունկին դրած ձախով գրպանից հանում էր ճմռթված թաշկինակն ու երեսը սրբում: Վերջապես: Մի լավ նայեց նկարին: Աչքերը հառեց երկնքին: Հետո նայեց «Տատիկ Պապիկին»: Ստեղծագործությունն ավարտել էր: Կտավում Ստեփանակերտն էր: Կանաչ, կապույտ, սպիտակ, դեղին… Քաղաք է նկարել, թվում է, թե պիտի գորշ գույներ լինեին, իհարկե, հենց այդպես էլ պետք է լինեին, բայց միայն ոչ Ստեփանակերտը պատկերելիս: Նկարում կանաչ, կապույտ, սպիտակ լեռներ էին` մեր պատմության վկաները: Նկարում դեղին, քնքուշ վարդագույն, մեղմ սպիտակ, հանգստացնող կանաչ ծառեր էին` մեր մաքրության երաշխիքները: Նկարում չարաճճի, երջանիկ, միամիտ, սրտաբաց մանուկներ էին` մեր վաղվա ուժը:Նկարում ջինջ կապույտ երկինք էր… երկնքում` կանաչ ուղղաթիռ, իսկ նրա կողքին` հանգիստ սավառնող մի ճերմակ, ճերմակ աղավնի...
Իրինա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Լրագր. 3-րդ կուրս