Արցախի պետական համալսարան

IMG 7077v   IMG 7212y

IMG 71665g    IMG 7243c

Հունիսի 28-ին ԱրՊՀ-ում մեկնարկել է Արցախի պետական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Բարձրագույն կրթություն. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով աշխատաժողովը, որին ներկա է գտնվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Աշխատաժողովին մասնակցում էին նաև  ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանը, Արցախում և Հայաստանում գործող պետական և մասնավոր մի շարք համալսարանների ռեկտորներ, ոլորտի պատասխանատուներ և ներկայացուցիչներ:

ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհելու արարողությունից հետո աշխատաժողովը մեկնարկել է ԱՀ ԿԳՍ նախարար Ս. Ասրյանի ողջույնի խոսքով: Նախարարը ողջունել է համատեղ աշխատաժողովների կազմակերպումը և հույս հայտնել, որ այն ոլորտում առկա խնդիրների լուծման մեխանիզմների առաջադրման առումով շոշափելի արդյունքներ կգրանցի:

Սլավիկ Ասրյանն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` գործակցության համար, միաժամանակ նախանշել երկու հանրապետությունների բարձրագույն կրթական համակարգի հիմնախնդիրներն ու մարտահրավերները՝ բարձրագույն կրթությունը դիտարկելով ոչ թե իբրև ներփակ համակարգ, այլև կրթության հիմնական և փոխկապակցված երեք օղակներից միայն մեկը: Ոլորտի պատասխանատուն, այնուամենայնիվ, լիահույս է, որ հայկական երկու հանրապետությունների համապատասխան նախարարությունները ուժերի կենտրոնացման դեպքում կարող են հասնել  շոշափելի արդյունքների:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը կարևոր ու պահանջված է համարել կրթության հիմնախնդիրների շուրջ նման միջոցառման կազմակերպումն Արցախում:

«Մեր երկրի ամենամեծ հարստությունը մեր ժողովուրդն է, նրա անսպառ մտավոր ներուժը, իսկ կրթությունը և գիտությունը` մեր հանրապետության զարգացման հայեցակարգի ռազմավարական նշանակության ոլորտներից մեկը,-  ընդգծել է նախագահը և ավելացրել,- Արցախը չի կարող միայնակ դիմակայել ժամանակի մարտահրավերներին, և ինչպես ռազմավարական կարևորագույն այլ ծրագրերի իրականացման գործում, կրթության ոլորտում ևս Արցախը զգում է Մայր Հայաստանի և Սփյուռքի աջակցության անհրաժեշտությունը»:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի կարծիքով, աշխատաժողովի թեմատիկան համահունչ է երկու հանրապետությունների քաղաքական առաջնահերթություններին, և անկեղծ քննարկումների ու  գործնական առաջարկությունների արդյունքում ակներև կդառնա ոչ միայն ԱՀ և ՀՀ գիտակրթական դաշտի ամբողջական պատկերն իր ձեռքբերումներով և բացթողումներով, այլև դաշտի հեռանկարային զարգացման տեսլականը:

«Գիտությունը և կրթությունը հայի տեսակի շարունակականության ապահովման գործիքներ են, ուստի մեր դաշտի բարեփոխումները պետք է ուղղված լինեն ազգային կրթակարգի պահպանման և թռիչքաձև զարգացման ապահովմանը»,- նշել է Լ. Մկրտչյանը:

Նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՊՏՀ ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ԵՊՀ ռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, ԱրՊՀ  ռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Մանուշ Մինասյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր, հ.գ.դ. Արսեն Լոքյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Գալստյանը, ՀԱԱՀ ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը, ովքեր կրթական դաշտի որոշ առանձնահատկությունների համատեքստում ներկայացրել են իրենց կողմից ղեկավարվող հաստատություններում առկա առանցքային հիմնախնդիրներ:

Հավելենք, որ առաջին նիստին հաջորդող երեք՝ «Բարձրագույն կրթության պետական կարգավորում և բուհերի ինքնավարություն», «Կրթության որակ», «Արժեհամակարգ» խորագրերով նիստերի ընթացքում ԿԳՆ, ՀՊՏՀ, ԱրՊՀ մասնագետները հանդես են գալու ՀՀ և ԱրՊՀ բարձրագույն կրթության հիմնախնդիրների և հեռանկարների վերաբերյալ զեկուցումներով: