Արցախի պետական համալսարան

 

2063   2052617

205253   205971

Արցախի պետական համալսարանը, կարևորելով շրջանավարտների կապը համալսարանի հետ, քայլեր է ձեռնարկում այն ամրապնդելու` հաշվի առնելով ԱրՊՀ շրջանավարտների ներուժը մայր բուհի զարգացման գործում:


Օգոստոսի 4-ին Արցախի պետական համալսարան են այցելել բուհի նախկին շրջանավարտները, ովքեր 1987-1992 թթ. մայր բուհի պատմություն մասնագիտությամբ ուսանած, իսկ այսօր արդեն երկրի զարգացման գործում իրենց ամենօրյա նպաստը բերող մասնագետներ են: Նշենք, որ մայր բուհ այցելելը նրանց կուրսի համար արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել, և այս այցը արդեն թվով երրորդն է, որին իրենց մասնակցությունն են ունեցել նաև շրջանավարտներ, ովքեր բնակվում են ՌԴ-ում, Բելոռուսում: Նախքան հանդիպումը սկսելը, ավանդույթի համաձայն, ծաղիկներ են խոնարհել ԱրՊՀ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:


Հանդիպմանը ներկա են եղել ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը, ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, համալսարանի նախկին ռեկտորներ:


Ողջունելով ներկաներին` ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ձևավորված գեղեցիկ ավանդույթի համար, հույս հայտնել, որ այն շարունակական է լինելու` կարևորելով յուրաքանչյուր խթան բուհ-շրջանավարտ կապը ամրապնդելու ուղղությամբ:
Ելույթներով հանդես են եկել նաև ԱրՊՀ նախկին ռեկտորներ Շահեն Աբրահամյանը, Ստեփան Դադայանը:


Շրջանավարտներից ողջույնի խոսք է ասել կուրսի ավագ Արթուր Մոսիյանը, ով այսօր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազն է: Կարևորելով համալսարանի դերը մասնագիտական կայացման գործում` նա շեշտել է, որ դասախոսական կազմի ջանքերի շնորհիվ է ուսանողը կայանում նաև որպես անհատականություն: Ա. Մոսիյանը նշել է նաև, որ իրենց կուրսում տիրում էր համերաշխության, գաղափարական միասնության բացառիկ մթնոլորտ: Նա միաժամանակ կոչ արեց հետևողական լինել և մշտապես պահել կապը մայր բուհի հետ:


Շրջանավարտները դատարկաձեռն չէին այցելել հարազատ համալսարան. նրանց խորհրդանշական նվերը` ԱրՊՀ շենքի գեղանկարը, այսուհետ կզարդարի մայր բուհը: