Արցախի պետական համալսարան

 

IMG 8003   IMG 802277

IMG 807741   IMG 805727

Օգոստոսի 24-ին ԱրՊՀ մի խումբ ուսանողների և դասախոսների հետ հանդիպում է ունեցել ամերիկաբնակ հայազգի թուրքագետ Հայկարամ Նահապետյանը:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ում լրագրողական ակտիվ գործունեություն ծավալող թուրքագետը ներկայացրել է հայկական լոբբինգի գործունեությունը, նրա ձեռքբերումները, տարբերությունները ադրբեջանական լոբբինգից:

Լոբբինգի դասական և մեզ հայտնի ձևերից բացի, Հ. Նահապետյանն անդրադարձել է ԱՄՆ-ի հայ համայնքի և հայկական լոբբիստական կազմակերպությունների,  ինչպես նաև  անհատների գործունեությունը, ապա ներկայացրել փաստեր գրանցված հաջողությունների վրաբերյալ:

«Շատ հաճախ հակաադրբեջանական գործունեությունը ոչ թե խմբավորումների, այլև առանձին անհատների  գործունեություն է: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ անհատները կարողացել են շրջել նրանց մի քանի ծրագրերի ընթացքը, տապալել այս կամ այն փաստաթղթի կիրառությունը: Այս դեպքում վստահաբար կարող ենք հակադարձել հայտնի ասացվածքին և պնդել, որ մի ծաղկով ևս կարող է գարուն լինել»,- նշել է նա:

Այսպես, հայկական լոբբինգ իրականացնող մի քանի կազմակերպությունների և անհատների հաջողվել է ձախողել ադրբեջանական լոբբիստների հակահայկական մի քանի տասնյակ նախաձեռնություններ, ավելին` նրանք հաջողել են այդ նախաձեռնությունների ընթացքը շրջել հօգուտ հայկականության:

Խոսելով ամերիկա-ադրբեջանական լոբբիստական խմբավորումների մասին` թուրքագետը նշել է նաև, որ 2014 թվականից սկսած ադրբեջանական լոբբինգը անկման միտումներ է արձանագրել, ինչը բնականաբար կապված է տնտեսական ճգնաժամի, մասնավորապես նավթի գնանկման հետ: Այսինքն` լոբբինգին հատկացվող դրամական միջոցների կրճատումը հանգեցրել է ադրբեջանական ընդհատակյա գործունեության նվազման: Մյուս կողմից՝ ադրբեջանական և թուրքական իշխանությունները ամերիկյան գործընկերներին կաշառելու համար այլևս բավարար միջոցներ չեն հատկացնում: Գործընկերային նույն հարաբերությունները դադարել կամ նվազագույնի են հասցվել նաև հայկական կողմի՝ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների կանխակալության բացահայտման ջանքերի շնորհիվ:

ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Հ. Նահապետյանին` Արցախի պետական համալսարանում դասախոսությամբ հանդես գալու համար և  կարևորել նրա ծավալած գործունեությունը: Պրոֆեսոր Ս. Խանյանն իր հեղինակած գրքերից նվիրել է Հ. Նահապետյանին:

Հանդիպման վերջում թուրքագետը պատասխանել է ներկաների հարցերին: