Սեպտեմբերի 1-ին Արցախի պետական համալսարանում անցկացված անկախության ավանդական դասը վարում էին ԱՀ Աժ նախագահ, ԱրՊՀ Խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը և ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանը:
ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհելուց հետո անկախության դասը բացեց ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը: Ռեկտորը շնորհավորեց առաջին կուրսեցիներին, ապա ներկայացրեց համալսարանի հաջողությունները և կոչ արեց ակտիվորեն մասնակցել իրականացվող բոլոր միջոցառումներին:
Աժ խոսնակ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերյան տոների կապակցությամբ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքից հետո ներկայացրեց Արցախի Հանրապետության անկախության հռչակման երևույթը՝ շարժումից մինչև մեր օրեր: Նա կոչ արեց լավագույնս դրսևորվել ուսումնառության տարիներին և ստացած մասնագիտական ու մարդկային որակները ծառայեցնել ազգային շահերին:
ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանն իր ելույթում կարևորեց անկախության ճանապարհի մեր ձեռքբերումները՝ հույս հայտնելով, որ ներկայիս սերունդը ոչ միայն կշարունակի, այլև կբազմապատկի լավագույն ավանդույթները: