ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

14.09

2017

 

IMG 9526   IMG 9514

IMG 9521   IMG 9512

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ԱրՊՀ գիտական գրադարանին գրքերի մեծ խմբաքանակ է նվիրել բանաստեղծ, թարգմանիչ, «Գեղarm» հանդեսի հիմնադիր-խմբագիր, «Ոգի-Նաիրի» գեղարվեստական կենտրոնի տնօրեն Հրանտ Ալեքսանյանը:

Տարիներ շարունակ «Ոգի-Նաիրի» գեղարվեստական կենտրոնը զբաղվում է հայ և օտարազգի հեղինակների ստեղծագործություններով, տպագրում ինչպես հայ արդի պոեզիայի և արձակի  նմուշների անգլերեն և ռուսերեն թարգմանություններ, այլև օտարազգի հեղինակների ստեղծագործություններ՝ հայերեն թարգմանությամբ:

Այս շարքից ավելի քան 250 միավոր գիրք օրերս Հ. Ալեքսանյանը նվիրել է մայր բուհի գիտական գրադարանին:

Նշենք, որ ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբեր ամսվա դրությամբ ԱրՊՀ գիտական գրադարանում հաշվառված է ավելի քան 105 հազար միավոր գիրք, որից 1068-ը գրադարանը ստացել է նախորդ ուսումնական տարվա ընթացքում:

Գրադարանի վարիչ Լաուրա Առստամյանի խոսքով, գրադարանը, նվիրատվությունների շնորհիվ, պարբերաբար համալրվում է  մասնագիտական ժամանակակից գրականությամբ:

«Խոշոր նվիրատուներից են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը, առանձին անհատներ: Նախորդ ուսումնական տարում այս համալսարանների կողմից կատարված նվիրատվությունների շնորհիվ գրադարանի գրքային ֆոնդը համալրվել է հատկապես տնտեսագիտական և իրավաբանական ժամանակակից գրականությամբ»,- նշել է պատասխանատուն:

Այն, որ գրադարանի գրքային ֆոնդն արդիականացման կարիք ունի, պատասխանատուները չեն ժխտում, բայց և ընդգծում են այն հանգամանքը, որ համալսարանականները հետաքրքրված են և օգտվում են առկա տպագիր և էլեկտրոնային պաշարներից:

Համալսարանական բարեփոխումների արդյունքում աճել է ընթերցողների թիվը: Այս են վկայում հատկապես էլեկտրոնային գրադարանի օգտատերերի ցուցանիշները, ինչը գրադարանի աշխատակիցները պայմանավորում են էլեկտրոնային դասախությունների փաթեթների մուտքագրմամբ:

«Ավելի քան մեկ տարի է, ինչ բոլոր առարկաներից կազմված էլեկտրոնային դասախոսությունների փաթեթներով համալրվում են էլեկտրոնային գրադարանի պաշարները: Այս գործընթացը, թեկուզ դանդաղ, բայց ընթացքի մեջ է: Այն պարբերաբար նաև թարմացվում և համալրվում է»,- հավաստիացնում են էլեկտրոնային գրադարանի պատասխանատուները: