ԱրՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

14.09

2017

 

IMG 9754   IMG 9718

IMG 9723   IMG 9685

 

ԱրՊՀ-ում գործող ոչ ֆորմալ կրթության ծրագրի այս տարվա մեկնարկը տրվել է սեպտեմբերի 14-ին` բիզնես-փորձագետներ Վահե Ռոբեր Այվազյանի և Մայք Լազիևի դասախոսությամբ:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը հանդիպմանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել Կարեն Օհանջանյանին ծրագրի շարունակականության ապահովման համար` համոզմունք հայտնելով, որ ծրագիրը շոշափելի արդյունքներ է տալիս մասնագիտական գիտելիքների խորացման և ընդհանուր զարգացվածության ապահովման առումով:

«Ayvazyan & Partners» ընկերության ղեկավար Վահե Այվազյանը, ով հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ անցկացրեց «Էմոցիոնալ վաճառքներ» դասընթացը, լսարանին ներկայացրեց էմոցիոնալ վաճառքի սկզբունքներն ու մի շարք օգտակար խորհուրդներ տվեց լսարանին:

Բանախոսը հավաստիացրեց, որ էմոցիոնալ վաճառքների` իր կողմից առաջարկված գործիքակազմի ընտրությունը հիմնված է բազմամյա փորձի վրա: Ազդելով մարդու ոչ թե տրամաբանության, այլ էմոցիաների վրա` հնարավոր կլինի իրականացնել ավելի շատ վաճառք: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարելի է ազդել մարդու էմոցիաների վրա, որպեսզի նա որոշում կայացնի գնել այս կամ այն ապրանքը:

«Վաճառքի մեջ շարժիչ ուժը էմոցիաներն են: Վաճառքը հարաբերություն է մարդու և մարդու միջև, հարկավոր է ուսումնասիրել մարդու վարքագիծը, նախասիրությունները և ազդել էմոցիաների վրա: Վաճառքում և սպասարկման մեջ հաջողության հասնելու համար հարկավոր է սիրել հաճախորդին, ճանաչել նրան ու հասկանալ նրա ցանկությունները՝ թեթևացնելով հոգսը»,- ասում է Վ. Այվազյանը

Թվային մարքեթինգի ոլորտում խորհրդատուի` ավելի քան 16 տարվա աշխատանքային փորձ ունեցող Մայք Լազիևը դժվարանում է մեր օրերում պատկերացնել ընկերություն, որը չի օգտագործում թվային մարքեթինգի հնարավորություններն ու գործիքները:

«Շատ ընկերություններ ամբողջովին կամ մասամբ իրականցնում են իրենց բիզնեսը թվային հարթակում, մյուսներն էլ օգտագործում են առցանց հարթակը որպես գովազդի և վաճառքի արդյունավետ միջոց: Թվային մարքեթինգը դարձել է մերօրյա ամենաարդյունավետ մարքեթինգային տեսակը»,- նշում է նա:

Բիզնես-խորհրդատուները ուսանողներին ուղղված խորհուրդներից բացի, պատասխանեցին նրանց հարցերին` համապատասխան օրինակներ բերելով առօրյայից: