Արցախի պետական համալսարան

 

IMG 0033   IMG 0077

IMG 0061   IMG 0092

Սեպտեմբերի 19-21-ը ԱրՊՀ-ում կազմակերպվում են պրակտիկ հոգեբանական դասընթացներ, որոնց մասնակցում են մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ, հանրակրթական հաստատությունների հատուկ և սոցիալական մանկավարժներ, հոգեբաններ, սպա-հոգեբաններ, ուսանողներ:

Օրեր առաջ ԱրՊՀ գիտխորհրդի նիստում հաստատված «Հոգեբանական կենտրոն»-ի կանոնակարգի առաջին քայլերից էր գործնականում իրականություն դարձնել հոգեբանական կենտրոն ունենալու գաղափարը: Ուսումնասիրելով Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Ապագա» հոգեբանական կենտրոնի երեսնամյա փորձն ու հիմնվելով տեղի ներուժի վրա` ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը սկսել է իր գործունեությունը, որի առաջին քայլերից են հոգեբանական հավաքները:

Կենտրոնի նախաձեռնողներից ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը բացման խոսքում ներկայացրել է կենտրոնի նպատակներն ու խնդիրները. «Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ համալսարանավարտ հոգեբանը դժգոհում է աշխատատեղի բացակայությունից այն դեպքում, երբ գործատուն փնտրում է որակյալ մասնագետներ: Կենտրոնը կոչված է մի կողմից պատրաստելու պրակտիկ հոգեբաններ` բավարարելով պահանջարկը, մյուս կողմից` իր առաջարկած ծառայություններով նպաստելու հանրապետության տարբեր ոլորտներում առկա բացի հաղթահարմանը»:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ողջունել է հավաքի մասնակիցներին, ապա շնորհակալություն հայտնել ՀՊՄՀ ղեկավարությանն ու «Ապագա» հոգեբանական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Դ. Բեջանյանին և նրա գործընկերներին` կենտրոնին ցուցաբերած աջակցության համար:

«Նախորդ տարիների այսպիսի հանդիպումներից հերթականը տարբերվելու է նրանով, որ իրավիճակային չէ, այլ համարձակ քայլ` մեծ գործից առաջ, նույնն է, թե նոր հանդիպումների սկիզբ»,- ասել է ռեկտորը:

Իրենց ելույթներում հոգեբանական կենտրոն հիմնադրելը  ողջունել ու նրա նախանշած խնդիրները կարևորել են ԳԹԿ տնորեն Յու. Քարամյանը, ԿԳՍ նախարարության հանրակրթության բաժնի պետ Ռ. Բազիյանը, ՊԲ հոգեբանական աշխատանքների ներկայացուցիչ Ն. Պետրոսյանը:

Հոգեբանական կենտրոն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված էր նաև ուսանողների դիրքորոշմամբ և արդարացի պահանջով: Իրենց ակնկալիքների և սպասելիքների մասին խոսելիս մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Ա. Սևումյանը նաև շնորհակալություն է հայտնել համալսարանի ղեկավարությանը` իրենց առաջարկին ընդառաջելու և մասնագիտական կայացմանը նպաստող պայմաններ  ստեղծելու համար:

«Ապագա» հոգեբանական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Դ. Բեջանյանը համոզված է, որ սեղմ ժամկետներում իրենց թիմին կհաջողվի տեղի կենտրոնի ապագա աշխատակիցներին փոխանցել իրենց 30-ամյա փորձն ու ստեղծել բազմապրոֆիլ կենտրոն. «Համոզված եմ, որ մայր բուհի նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվելու: Այսպես մտածելու համար ինձ հիմքեր է տալիս համալսարանի ղեկավարության պատրաստակամությունն ու տեղի մասնագետների ներուժը»: