ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՕՖԵԼՅԱ ԲԱԲԱՅԱՆԻ 70-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

20.09

2017

 

IMG 0261   IMG 0144

IMG 0153   IMG 0244

Օրերս կազմակերպված գնահատանքի և մեծարման հոբելյանական ցերեկույթը նվիրված էր ԱրՊՀ պրոֆեսոր, բ.գ.թ. Օֆելյա Բաբայանի ծննդյան 70-ամյակին:

Միջոցառման առաջին մասում, որ վարում էին մագիստրատուրայի ուսանողները, ներկայացվել է Օ. Բաբայանի կենսագրական և աշխատանքային ուղին, խոսվել գիտության, կրթության և մանկավարժության մեջ ունեցած նրա վաստակի մասին, որի վկաները նրա մենագրություններն ու ուսումնական ձեռնարկներն են, ապա անդրադարձ կատարվել գիտնականի, մանկավարժի, դասախոսի նրա  կերպարին:

Օ. Բաբայանի մարդկային վեհ նկարագիրն ու աշխատանքային գործունեությունն իրենց ելույթներում գնահատեցին երեք սերնդի ուսանողները, որոնցից շատերին նա ուղղորդել է դեպի մանկավարժություն և գիտություն:

ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լ. Մարգարյանը խոստովանում է, որ Օ. Բաբայան մարդու և մտավորականի կերպարը ուղենշային և որոշիչ դերակատարություն է ունեցել իր կյանքում:

«Օ. Բաբայանի անունն աղերսվում է հին հայերենի պաշտամունքի հետ: Երախտապարտ և հպարտ եմ նրան աշակերտելու և ներկայումս նրա կրտսեր գործընկերը լինելու համար: Նա սերունդներին ժառանգել և շարունակում է ժառանգել ոչ միայն մասնագիտական գիտելիքների հսկայական պաշար, այլև իր իսկ կերպարով մարդասիրության լավագույն օրինակ է»,- ասել է Լ. Մարգարյանը:

Ս. Խանյանը, Ս. Մինասյանը, Ա. Աթայանը, Զ. Բալայանը, ովքեր հոբելյարի ոչ միայն գործընկերներն են, այլև մտերիմները, հուշեր են պատմել Օ. Բաբայանի ուսանողական տարիներից և աշխատանքային գործունեությունից, շնորհավորանքի ու գովեստի խոսքեր ուղղել Օ. Բաբայանին՝ նրան բնորոշելով որպես մասնագիտական և մարդկային բարձր որակներ ունեցող անձնավորության, որպես կարգապահության, ճշտապահության ու ազնվության մարմնացում: