Արցախի պետական համալսարան

IMG 0343   IMG 0346   

IMG 0371   IMG 0352

Սեպտեմբերի 21-ին Արցախի մայր բուհում կայացել է առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ, ԱրՊՀ խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, համալսարանի ղեկավար կազմը, ուսանողներ, հյուրեր:

Նախքան արարողությունն սկսելը` ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Երդման տեքստն ընթերցելու պատիվն այս տարի վերապահված էր բանասիրական ֆակուլտետի լրագրություն բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Շողեր Սարգսյանին, ով իր և իր ընկերների անունից երդվեց «վառ պահել նահատակված ուսանողների հիշատակը, հավատարիմ մնալ նրանց վեհ գաղափարներին, պատվով ու պատասխանատվությամբ շարունակել նրանց կիսատ թողած գործը, սիրել և սրբությամբ պահպանել հայրենի երկրի զարգացման ու բարգավաճման ուղին բռնած մայր բուհը»:

Առաջին կուրսեցիներին ուղղված շնորհավորանքի խոսքում Ա. Ղուլյանն ընդգծել է երկրին հավատարիմ լինելու և նրա կերտած արժեքները կրող սերունդ ունենալու կարևորությունը`  նշելով.

«Դուք եք այն սերունդը, ով տերը պիտի լինի ավագների կյանքի գնով նվաճած ազատությանն ու անկախությանը և հենց դուք պիտի բարձր պահեք 1991 թվականին ձեռք բերած և Ապրիլյան պատերազմում վերահաստատված անկախության դրոշը՝ մշտապես պատրաստ լինելով դիմակայելու ներքին և արտաքին մարտահրավերներին: Վստահ եմ, որ դուք գիտակցում եք ձեր մեծ առաքելությունը. թշնամուն պետք է հաղթենք նաև գիտելիքներով»:

Ս. Ասրյանը առաջին կուրսեցիներին կոչ արեց արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիները և մասնագիտական գիտելիքներ ստանալու ճանապարհին չընկրկել ոչնչի առջև, հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու հասնել վերջնանպատակին` դառնալ ժամանակակից պահանջներին համապատասխան գիտելիքներով, կարողություններով և հմտություններով զինված մասնագետներ:

«Գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին ազնիվ և պահանջկոտ եղեք ինքներդ ձեր հանդեպ՝ գիտակցելով, որ այն, ինչ կստանաք այսօր, պիտի ծառայեցնեք մեր երկրին ու պետականությանը: Երկիր և պետականություն, որ կյանքի գնով է պահպանվել և ժառանգվել ձեզ»,-հավելել է նախարարը:

ԱրՊՀ ռեկտորը շնորհավորեց և բարեմաղթանքներ հղեց առաջին կուրսեցիներին` հորդորելով ակտիվություն ցուցաբերել ոչ միայն ուսումնական գործընթացում, այլև հասարակական, մարզական և մշակութային բազմաբնույթ միջոցառումներում:

«Լիահույս եմ, որ մայր բուհի և նրա նվիրյալների պատիվը բարձր պահելու երդումը ձեզ ուղեկցելու է ոչ միայն ուսումնառության տարիներին, այլև աշխատանքային գործունեության և ամբողջ կյանքի ընթացքում»,- օրվա խորհուրդը կարևորել է ռեկտորը:

Երդման հանդիսավոր արարողությունը եզրափակվել է «Կյանք ու կռիվ» պարային խորհրդանշական բեմադրությամբ:

Հիշեցնենք, որ ընդունելության արդյունքներով ամենաբարձր միավորներ վաստակած առաջին կուրսեցիներն ուսանողական գրքույկներ են ստացել ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանից և միջոցառմանը ներկա պետական այրերից: