Արցախի պետական համալսարան

 

IMG 0796   IMG 0810

IMG 0820   IMG 0833

ԱրՊՀ իրավունքի ամբիոնի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև վերջերս ստորագրված  փոխգործակցության հուշագրի շրջանակներում սեպտեմբերի 25-ից 29-ը ԱրՊՀ-ում դասախոսություններով հանդես են գալիս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ դասախոսներ:

ԱրՊՀ համապատասխան ամբիոնին համակողմանի աջակցություն և օժանդակություն ենթադրող պայմանագրի դրույթներից առաջինը փոխայցելության տեսքով է: ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը, խոսելով երկու համալսարանների միջև համագործակցության կարևորության մասին, նշում է, որ այն առաջին հեթին պարտավորություն է առ Արցախ և ապա միայն մասնագիտական օժանդակություն:

«ԵՊՀ և ԱրՊՀ համագործակցային կապերի հաստատումն առաջին հերթին բոլորիս պարտքն է այն առումով, որ մենք մեր հնարավորություններով օգտակար պիտի լինենք Արցախին ու նրա հաջողություններին միջազգային հարթակում: Ասվածի գրավականը պետականությունն է և այն կերտող պրոֆեսիոնալ մասնագետները` ի դեմս իրավաբանների»,- նշում է Ա. Վաղարշյանը:

Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Արա Գաբուզյանը կարևորում է ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոսների վերապատրաստման անհրաժեշտությունը. «Վերջերս ամբիոնի երկու երիտասարդ դասախոսներ վերապատրաստման  երկշաբաթյա դասընթաց են անցել մեր ֆակուլտետում: Մեզ համար տեսանելի էր, որ այդ երիտասարդներն իրենց աշխատանքային հեռանկարը կապում են այս ամբիոնի հետ և պատրաստակամ են իրենց գիտելիքներն ի սպաս դնելու ամբիոնի գիտակրթական զարգացմանը»:

Դասընթացավարները ողջունում են այն փաստը, որ ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոսական կազմի զգալի թվով մասնագետներ պրակտիկ իրավաբաններ են. «Սա տեսականը գործնականում ամրապնդելու և կամ հաստատելու լավ հնարավորություն է: Այսպիսի փորձ կա նաև մեզ մոտ, ինչը լավագույնս է անդրադառնում ուսանողների ուսումնառության և սկսնակ դասախոսների գործունեության վրա»,- համոզմունք է հայտնել քրեական իրավունքի ամբիոնի ասիստենտ, ի.գ.թ. Արմեն Հովհաննիսյանը:

Նշենք, որ այսպիսի այցելությունները պարբերական բնույթ են կրելու, սակայն չեն սահմանափակվելու միայն այս ձևաչափով: Առաջիկայում նախատեսվում են վերապատրաստումներ, ուսումնական և մեթոդական օժանդակություն: