Արցախի պետական համալսարան

 

IMG 1190   IMG 1211

IMG 1246   IMG 1208

Հոկտեմբերի 2-ին ԱրՊՀ-ում կայացավ  գիտական խորհրդի նիստ, որին մասնակցում էր նաև ԱՀ ԿԳՍ նորանշանակ նախարար Նարինե Աղաբալյանը:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհավորել է Նարինե Աղաբալյանին պատասխանատու և կարևոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ և համալսարանականների անունից պատրաստակամություն հայտնել աջակցելու կրթության ոլորտի զարգացմանն ուղղված նրա նախաձեռնություններին:

«Հավաստիացնում ենք, որ համալսարանականներն իրենց ուժերի հնարավորության չափով մասնակից են լինելու կրթության և գիտության ոլորտում առկա խնդիրների լուծման գործընթացներին` ապահովելով զարգացման դրական դինամիկա»,- ասել է ռեկտորը:

«Ես իմ հարազատ կրթօջախում եմ և բնավ խորթ չեմ զգում, ընդամենը կարգավիճակի փոփոխություն, որը  պարտավորեցնում է համատեղ լուծումներ գտնել ոլորտում, մասնավորապես բուհական համակարգին վերաբերող խնդիրների համար»,- նշել է ԿԳՍ նախարարը:

Ն. Աղաբալյանը, որպես բուհական համակարգի առաջնային խնդիր, ներկայացրել է համալսարանի հավատարմագրման խնդիրը. «Մենք որակի ճանաչելիության խնդիր պիտի դնենք մեր առջև, որի ճանապարհին բոլորս մեծ անելիքներ ունենք»:

Ռեկտորը ծննդյան 70-ամյակի կապակցությամբ շնորհավորել է ԱրՊՀ պրոֆեսոր, բ.գ.թ., գիտության վաստակավոր գործիչ Օֆելյա Բաբայանին` արժևորելով նրա գործունեությունը` որպես նվիրյալի:

Օրակարգային ութ հարցերից երկուսը վերաբերում էին մանկավարժական և արտադրական փորձուսուցման նկարագրերի և ուղեցույցի հաստատմանը, որը հաստատվեց միաձայն: Հաջորդ հարցերը վերաբերում էին կանոնակարգային և կառուցվածքային որոշ փոփոխությունների:

Ի գիտություն ընդունվեցին համալսարանի հինգ ամբիոնների նախորդ ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունները, որի ընթացքում հնչած խնդիրներին խոստացավ լուծում տալ ԿԳՍ նախարարը: