Արցախի պետական համալսարան

 

IMG 1058   IMG 1049

IMG 1046   IMG 1047

Օրերս ԱրՊՀ-ում հյուրընկալվել էր Մոսկվայի «Սիներգիա» համալսարանի մարքեթինգի և բրենդինգի ամբիոնի վարիչ, նույն համալսարանի բիզնես-դպրոցի գործընկեր Սամվել Ավետիսյանը:

Տնտեսագիտության ֆակուլտետը նպատակային քայլեր է ձեռնարկում ՀՀ և արտերկրի բուհերի առաջատար մասնագետներին ուսումնական գործընթացներում ներգրավելու ուղղությամբ: Ամբիոնների կողմից մշակված ռազմավարական ծրագիրը, որը ենթադրում է համագործակցություն ամենատարբեր ուղղություններով, նախատեսում է նաև ոչ ֆորմալ կրթություն: Այս շրջանակներում շուկայագետ  Ս. Ավետիսյանի դասախոսությունը տնտեսագիտական այլընտրանքային մտածողության լավագույն օրինակներից էր:

MBA ծրագրով Սկոլկովոյում եւ Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցում տնտեսագիտության և Մեծ Բրիտանիայի դիզայնի բարձրագույն դպրոցներում «բրենդինգի հիմունքներ» դասավանդող  մասնագետի մոտեցումները տարբերվում են շուկայագիտության դասական սկզբունքներից: Վերջինս հարցին մոտենում է փիլիսոփայական տեսանկյունից: Այսպես, նա գտնում է, որ ժամանակակից աշխարհը պահանջում է վաճառել ոչ թե ապրանքը, այլ դրա հետ սպառողին կապող արժեքը, որին կարելի է հասնել սպառողի հոգեբանության ուսումնասիրությամբ:

Այս տեսանկյունից շուկայագետն առաջարկում է Արցախի տնտեսության բրենդինգի համար ուղենշային դարձնել էկոսննդի գաղափարը, որն այսօր մեծ պահանջարկ է վայելում աշխարհում:

Չնայած մասնագետի նորարարական-այլընտրանքային որոշ մոտեցումներն այնքան էլ ընդունելի չէին դասախոսական կազմի համար, այնուամենայնիվ տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Իրինա Իշխանյանը կողմնակից է նման հանդիպումների:

«Դասընթացի շրջանակներում մենք հասցնում ենք լսարանին հաղորդել տեսական հիմնական նյութը և անդրադառնալ հիմնականում դասական տեսություններին, այնինչ նման հանդիպումները հնարավորություն են տալիս տեղեկանալու այլընտրանքային տնտեսագիտության կամ տնտեսագիտական նորարար մոտեցումներին, ինչը տնտեսագիտական մտածելակերպի ձևավորմանը նպաստող գործոն է»,- համոզված է ամբիոնի պատասխանատուն: