Արցախի պետական համալսարան

 

22068946   SDG77854

image-0-02-0   2204722

ԱրՊՀ-ՀՊՏՀ համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 25-ից 29-ը ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մոտ երկու տասնյակ ուսանողներ ՀՊՏՀ-ում մասնակցել են դասընթացների:

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի բոլոր բաժինների ավագ կուրսերի ուսանողները ՀՊՏՀ ֆակուլտետների համապատասխան բաժիններում մեկ շաբաթվա ընթացքում մասնակցել են ուսումնական պլանով նախատեսված դասընթացներին և մշակութային միջոցառումների:

Տնտեսագիտության տեսություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներից Էմմա Պետրոսյանը կարևորում է հայաստանյան բուհերի հետ համագործակցությունը, հատկապես ուսանողական փոխայցելությունները: Նրա խոսքով, այդպիսիք հնարավորություն են տալիս գնահատելու ոչ միայն սեփական գիտելիքները, այլև բուհի հնարավորությունները:

«Երկար ժամանակ ես և իմ ընկերները թյուր կարծիք ունեինք այն մասին, որ գուցե ինչ-որ տեղ զիջում ենք Հայաստանի բուհերում սովորող մեր հասակակիցներին: Այս այցելությունը լավագույն առիթն էր համոզվելու, որ մենք և նրանք նույն հարթակի վրա ենք գտնվում»,- ասում Է. Պետրոսյանը:

Ուսանողուհին ավելացնում է, որ ՀՊՏՀ-ում անցկացրած մեկ շաբաթվա ընթացքում նրանք ոչ միայն փորձ և վստահություն են ձեռք բերել, այլև կարողացել են կարծիք ձևավորել Արցախի պետական համալսարանի, նրա դասախոսական կազմի և ուսանողության մասին. «Բոլորս համակարծիք էինք այն հարցում, որ մեր դասախոսական կազմը ոչնչով չի զիջում գործընկեր համալսարանների դասախոսական կազմին և, հետևաբար, մենք նույնպես չենք զիջում նրանց»:

Բացի ծրագրով նախատեսված դասընթացներից, իրենց ցանկությամբ ուսանողները լսել են նաև մարքեթինգին վերաբերող բանախոսություն, որը վարել է մարքեթինգի ամբիոնի դասախոս Գրիշա Ամիրխանյանը:

ՀՊՏՀ ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմից բացի, ԱրՊՀ ուսանողները հանդիպումներ են ունեցել նաև ուսանողական ինքնավար կառույցների հետ, ծանոթացել նրանց  առօրյային և գործունեությանը,  մասնակցել ինտելեկտուալ խաղի` զբաղեցնելով մրցանակային տեղ: