Արցախի պետական համալսարան

 

IMG 16300   IMG 17040

IMG 16490   IMG 16540

Հոկտեմբերի 6-ին ԱրՊՀ-ում կայացել է իրավաբանական հանրագիտարանի շնորհանդեսը, որի խմբկոլեգիայում ընդգրկված էր նաև ԱրՊՀ իրավունքի ամբիոնի վարիչ Ռիտա Առուստամյանը:

Շնորհանդեսի բացման խոսքում ԱրՊՀ պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը շնորհավորել է հեղինակներին և իրավագիտությամբ հետաքրքրվող բոլոր անձանց` իրավաբանության բնագավառի կարևոր ձեռքբերումներից  մեկի՝ մասնագիտական հանրագիտարանի ստեղծման կապակցությամբ, իսկ արցախյան գործընկերներին` շնորհակալություն հայտնել մասնակցության և մասնագիտական աջակցության համար:

Շնորհանդեսի կապակցությամբ ԱրՊՀ-ում հյուրընկալվել էր հանրագիտարանի գլխավոր խմբագիր, ի.գ.դ., պրոֆեսոր, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի վարիչ Ստեփան Ծաղիկյանը:

Նախքան հանրագիտարանի բովանդակությանն անցնելը` ոլորտում բազմամյա փորձ ունեցող Ս. Ծաղիկյանը ներկայացրել է ստեղծման նախապատմությունը, որը կապված է ՀՌՀ գործընկեր բուհերից Տոլյատիի պետական համալսարանի հետ. մոտ վեց տարի առաջ Տոլյատիի պետական համալսարանի իրավունքի ինստիտուտի դեկան Ռուդոլֆ Խաչատուրովի հետ ունեցած քննարկումներից մեկի ժամանակ միտք հղացավ ստեղծել իրավաբանական հանրագիտարան, իսկ թե ինչպես Արցախն ընդգրկվեց խմբագրական կազմում, մեկնաբանում է պրոֆեսորը. «Հաշվի առնելով հանրագիտարանի ընդգրկման սահմաններն ու տարածման աշխարհագրությունը` մտածեցի ընդգրկել հեղինակների նաև Արցախից: Իմ այս առաջարկին արձագանքեցին ԱրՊՀ իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Ռիտա Առուստամյանն ու «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի պրոռեկտոր Ղարիբ Բաբայանը, որոնց բարեխղճության արդյունքում ծվեց հանրագիտարանը»:

Գլխավոր խմբագիրը խոսեց հանրագիտարանի նշանակության և դերի մասին, ներկայացրեց բաժիններն ու ընդգրկունությունը:

«Իրավաբանական հանրագիտարանն ընդգրկում է իրավունքի բոլոր ճյուղերը, հասկացությունները, դրույթներն ու կատեգորիաները, նույնիսկ հղումներ տարբեր երկրների սահմանադրություններից, ինչը շահեկան է դարձնում Արցախի ու նրա Սահմանադրության ներկայացվածությունը, այսինքն՝ հերթական քայլը դեպի ճանաչում»,- նշում է նա:

ԱրՊՀ իրավունքի ամբիոնի վարիչ Ռիտա Առուստամյանը և «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի պրոռեկտոր Ղարիբ Բաբայանը շնորհակալություն հայտնեցին հանրագիտարանի աշխատանքներում արցախյան գործընկերներին ընդգրկելու, ապա իրավագիտության ոլորտում ներդրում ունենալու հնարավորության համար:

Ռ. Առուստամյանը պատիվ է համարում հանրագիտարանում ներկայացնել Արցախի սահմանադրաիրավական ինստիտուտները. «Պատիվ է ներկայացնել Արցախը, Արցախի մայր բուհն ու իրավունքի ամբիոնը: Մեր ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ է իր ներուժը ծառայեցնել ոլորտի զարգացման գործին՝ այդպիսով նպաստելով նաև Արցախի ներկայացվածությանը աշխարհի տարբեր ծայրերում»:

Շնորհավորանքի և շնորհակալության խոսքով հանդես են եկել դասախոսներ և ուսանողներ, բարձր գնահատել խմբագրական կազմի ջանքերն իրավաբանական հանրագիտարանի ստեղծման աշխատանքներում: