Արցախի պետական համալսարան

 

araqs1   araqs2

Այդքան էլ հեշտ չէ և´ լինել ուսանող, և´ միաժամանակ աշխատել։ Նորբրաջուրցի (գյուղ Շահումյանի շրջանում) Արաքսյա Միրզոյանը, ով սովորում է Արցախի պետական համալսարանի լրագրության բաժնի երկրորդ կուրսում, պարի խմբակ ունի. բոլոր ցանկացողներին նա ազգային պարեր է սովորեցնում։

«Պարել սովորել եմ մոտ վեց տարի առաջ, երբ Անահիտ Բաղդասարյանը Երևանից եկավ  Շահումյանի շրջան և սկսեց ազգային երգ ու պար սովորեցնել, սկզբում շրջկենտրոն Քարվաճառում, այնուհետև Նոր Բրաջուր և Նոր Գետաշեն գյուղերում։ Այդ ժամանակ Նոր  Բրաջուրում ազգային պարը տարածվեց ու սիրվեց, իսկ  վերածնվեց ու սիրունացավ բրաջուրցիների կատարմամբ։  Հետո ձևավորվեց Արցախում ազգային պարի առաջին խմբերից մեկը՝ «Անթեղը»։ Այն ժամանակ, երբ դեռ նոր էի սկսել սովորել ու ճանաչել ազգային պարերը, ինձ հատկապես գրավում էին այն պարերը, որոնք հարուստ են պարաքայլերով»,-ասաց Արաքսյա Միրզոյանը և ավելացրեց, որ ամեն պար գեղեցիկ է յուրովի, և դրանցից յուրաքանչյուրը մեծ էներգիա է պարունակում։

Արաքսյան, մինչև Ստեփանակերտ տեղափոխվելը, ազգային պարեր է  ուսուցանել իր  հայրենի գյուղում։

«Նոր Բրաջուրում օր օրի տարածվում էր հայկական պարը։  Մեր խումբը՝ «Անթեղը», մասնակցեց, ճանաչվեց  ու հաղթեց  մի շարք միջոցառումներում ու մրցույթներում։  Երբ ընկեր Անահիտը տեղափոխվեց Մարտակերտ՝  ազգային պար ուսուցանելու  նպատակովես իր գործը շարունակեցի Նոր Բրաջուրում։ Իմ գյուղի  երեխաները, առհասարակ, շատ ընդունակ են ու ամեն ինչ արագ են ընկալում։ Նրանց հետ հեշտ էր աշխատել, սակայն տեղի ու տեխնիկայի հետ խնդիրներ էին միշտ առաջանում, այնքան ժամանակ, մինչև երևանաբնակ ընկերներս օգնեցին․ մեզ համար բացօթյա պարահրապարակ կառուցեցին ու անհրաժեշտ տեխնիկա տրամադրեցին»,- նշեց Արաքսյան և հավելեց, որ ընկերներն իրենց ամենասիրված  ու սպասված հյուրերն են։

Արաքսյան պատմում է, որ«Անթեղ» խմբի միջոցով է  ճանաչել, սովորել և սիրել ազգային պարը։

«Երբ ազգային պարը կլանում  է էությունդ, սկսում ես բոլոր պարերը անխտիր սիրել։ Այն կենսակերպ է ու ազգային բնավորություն։ Ազգային պարը ինձ ավելի համարձակ, ինքնավստահ ու ուժեղ է դարձրել, բնավորություն ձևավորել։ Չեմ նկատել, թե երբ եմ սիրահարվել պարին երևի ամենասկզբից՝ առաջին պարաքայլերից։ Իսկ հետո արդեն չսիրելն անհնար էր,- վերհիշեց Արաքսյան ու, կարծես փոքր-ինչ հուզված, շարունակեց իր պատմությունը:- Եկավ ժամանակը, երբ պետք է տեղափոխվեի Ստեփանակերտ՝ ուսումս շարունակելու նպատակով։ Սկզբում շատ էի կարոտում գյուղը, երեխաներին ու պարերի շարժումները։ 

Ստեփանակերտում Գագիկ Հարությունյանի հետ որոշեցինք խումբ կազմել, քանի որ այդ ժամանակ դրա անհրաժեշտությունը կար։ Առաջարկը ուսուցչուհունս էր, բայց նա չկարողացավ գալ, քանի որ ապրում ու աշխատում էր Հադրութի շրջանի Տող գյուղում։ Հավաքեցինք մասնակիցներ ու ամենասկզբից սկսեցինք ամեն ինչ։ Մասնակիցները սկզբում հիմնականում ուսանողներ էին։ Հետաքրքիր շատ դեպքեր եղան դասընթացների ժամանակ, մանավանդ արդեն ընկերական միջավայր էր ձևավորվել։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ գրեթե բոլոր աշակերտներս ինձնից տարիքով մեծ էին»։

Արաքսյան այժմ շաբաթական երկու օր (երկուշաբթի և չորեքշաբթի) պար է ուսուցանում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում: Նա տեղեկացրեց, որ «Շուշի» ազգագրական պարի խումբը վերսկսում է ազգային պարի դասընթացները և հայտարարում ընդունելություն 16 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների համար: Դասընթացները տեղի կունենան շաբաթական 2 օր (երկուշաբթի / չորեքշաբթի) ժամը ` 16:00 - 18:00-ը, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում (2-րդ հարկի պարասենյակում):

Արաքսյայի կարծիքով երիտասարդությանն այսօր ավելի շատ գրավում են արագ ռիթմով պարերը։ Նա համոզմունք հայտնեց, որ ժամանակակից պարերը, այնուամենայնիվ, չպետք է խանգարեն ազգային պարի զարգացմանը և տարածմանը:

«Իմ աշխատանքային փորձից կարող եմ ասել, որ այսօր երիտասարդությանը ավելի շատ գրավում են արագ ռիթմով պարերը։ Պատճառը երևի այն է, որ  երիտասարդներս ավելի շատ սիրում ենք  աշխույժ կյանքով ապրել»,-ասում է Արաքսյան ու ընդգծում, որ իր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ կարողացել է իր աշակերտների մոտ սեր առաջացնել դեպի ազգային պարերը։

Արաքսյան, ինչպես շատ ուսանողներ, Ստեփանակերտ գալով` ուներ իր երազանքներն ու նպատակները: Ուսանողական երազանքները նա այսօր արտահայտում է ոչ միայն իր մասնագիտական գիտելիքները խորացնելով, այլ նաև` ազգային պարի հանդեպ ունեցած անպարագիծ նվիրումով, և ամեն օր այդ նվիրումը նա ծառայեցնում է ազգային պարը հանրության շրջանում տարածելու և ճանաչելի դարձնելու առաքելությանը:

Աննա Պետրոսյան

Լրագրություն 2-րդ կուրս